Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի փոխվարչապետին
07.11.2013
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ փոխվարչապետի նախորդ այցը էական նշանակություն ունեցավ երկկողմ հարաբերությունների, հատկապես առեւտրատեսական համագործակցության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ այս այցը եւս հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա:
Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարեւորեց հայ-իրաքյան համագործակցության հետագա զարգացումը տարբեր ոլորտներում` նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը եւ խորացումը, առեւտրատնտեսական կապերի զարգացումը: Երկուստեք արձանագրվեց, որ հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման եւ կայացման գործում մեծ ներդրում ունի հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովը: Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար զրուցակիցները անհրաժեշտ համարեցին համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Կողմերը կարեւորեցին տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրերի իրականացումը` վստահություն հայտնելով, որ հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերություններին զարգացում եւ առաջընթաց է սպասվում:
Իրաքյան կողմի խնդրանքով նույն օրը կայացավ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային հանդիպումը Իրաքի փոխվարչապետին ուղեկցող գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող հարցեր: Տնտեսական համագործակցությունը խթանելու առումով իրաքցի գործարարները կարեւորեցին մուտքի արտոնագրերի դյուրացման եւ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության հարցերը: Երկուստեք կարեւորվեց ներդրումային խրախուսման քաղաքականությունը եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը: