Լուրեր

Քաղաքապետը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը

04.11.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Կառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Նմանատիպ կենտրոնների ձևավորումը նպատակ ունի մեկ տանիքի տակ կենտրոնացնել սոցիալական տարբեր ծառայությունների մատուցումը, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել քաղաքացիներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետը շնորհավորել է կենտրոնի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
<<Այս կենտրոնի բացումով առաջին հերթին կբարձրանա բնակիչներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակը: Շատ կարևոր է նաև այն խորհրդատվությունը, որ տրամադրվում է այս գրասենյակի աշխատակիցների կողմից, ինչն ավելի հասանելի կդարձնի գործընթացը մեր քաղաքացիների համար: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նրանց աշխատանքն իրոք դժվարին և շատ պատասխանատու աշխատանք է, ու վստահեցնում եմ, որ այն մեր կողմից իսկապես գնահատվում է: Անշուշտ դեռ անելիքներ կան, բայցև վստահ եմ, որ նմանատիպ կենտրոնների գործարկումով ևս կամրապնդվի սոցիալական ծառայությունների նկատմամբ մեր ժողովրդի վստահությունը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին նշել է, որ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծումը կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը:
<<Ոչ միայն տարածքի խնդիրն է մեկ շենքում հավաքել սոցիալական տարբեր ծառայությունները, այլ բովանդակությունը: Այն է՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրում սոցիալական աշխատողների միջոցով, որը էապես բարձրացնելու է և հասցեականությունը, և որակը սոցիալական ծառայությունների և, որ ամենակարևորն է, քաղաքացիների որևէ դիմում անպատասխան չի մնա>>,- նշել է Արտեմ Ասատրյանը:
Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը թվով 6-րդն է Երևանում: Պատասխանատուների հավաստմամբ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նման կենտրոններ կձևավորվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

← Վերադառնալ ցուցակին