Լուրեր

Քննարկվել են էներգախնայողության ծրագրի հարցեր

04.11.2013

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի և գերմանական KfW բանկի Հարավային Կովկասի՝ էներգետիկ և տրանսպորտային ծրագրերի համակարգող Էնրիկո Շիլլերի հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագիր նախաձեռնելու հնարավորությունները։
<<Երևանի քաղաքապետարանը կարևորում է էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը, և ներկայումս ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացնում է նման էներգաարդյունավետության ծրագիր. աշխատանքներն ավարտական փուլում են և կանխատեսված արդյունքի դեպքում, անշուշտ, պատրաստ ենք ընդլայնելու այդ փորձը ընդգրկուն ծրագրով>>,- նշել է Արմեն Հարությունյանը։
Գերմանական KfW բանկի Հարավային Կովկասի՝ էներգետիկ և տրանսպորտային ծրագրերի համակարգող Էնրիկո Շիլլերն ընդգծել է, որ բանկն այս ոլորտում ծրագրերի մեծ փորձառություն ունի։
<<Հայաստանում ևս էներգախնայողության ոլորտում համագործակցության փորձ ունենք և առաջարկում ենք մեր համագործակցությունը նաև Երևան համայնքին>>,- նշել է Էնրիկո Շիլլերը։
Կողմերն առաջիկայում կքննարկեն համագործակցության հստակ առաջարկներ:

← Վերադառնալ ցուցակին