Լուրեր

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականություն» որդեգրելու կապակցությամբ

01.11.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու կապակցությամբ: Նա նշել է, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության խթանման համար, և ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնց համատեքստում Տիգրան Սարգսյանը և Ջոն Հեֆերնը մտքեր են փոխանակել նոր համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

← Վերադառնալ ցուցակին