Լուրեր

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային

01.11.2013

 Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Երևան Ջուր>> ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:
Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները:
<<Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք որոշակիորեն բարելավել են մայրաքաղաքի ջրամատակարարման որակը: Սակայն հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր դեռևս առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրներ, և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի և, որ ամենակարևորն է, երևանցիները գոհ լինեն մատուցվող ծառայություններից: Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային և կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ <<Երևան Ջուր>> ընկերության տնօրենների խորհրդի նորանշանակ նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ <<Երևան Ջուր>> ընկերությունը ևս պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում:
<<Մենք պարտավորված ենք կյանքի կոչելու Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում: Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, և մենք մեծ սիրով կշարունակենք համատեղ փոխգործակցությունը>>,- նշել է Ռոստիսլավ Չապմանը:
Օգտվելով առիթից` Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ռոստիսլավ Չապմանին <<Երևան Ջուր>> ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին