Լուրեր

Շարունակվում է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնը

01.11.2013

Սեպտեմբերի 20-ից մեկնարկել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնը, որն այս անգամ նվիրվում է Արցախյան ազատամարտի 25-ամյակին ու կրում է «Լեզու եւ հայրենիք» խորագիրը: Փառատոնը անցկացվում է Հայաստանի բոլոր մարզերում, Երեւանում, Արցախում եւ Ջավախքում: Մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք փուլով, 11-14 եւ 15-17 տարիքային խմբերում:

Փառատոնի մարզային եզրափակիչ փուլը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Մրցույթի նախընտրական փուլին մասնակցած 9717 աշակերտներից առաջին փուլ են անցել 7520-ը, որոնցից էլ մարզային եզրափակիչ փուլին մասնակցել է 42 աշակերտ: Երկու տարիքային խմբերում ժյուրին ընտրել է 8 լավագույններին, որոնք կմասնակցեն փառատոնի եզրափակիչ փուլին:

Հոկտեմբերի 28-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է մարզի եզրափակիչ փուլը: Մարզի բոլոր համայնքներից առաջին փուլն անցած 1826 երեխաներից 39-ը հաղթողները մասնակցել են մարզային եզրափակիչ փուլին, որոնցից 8-ն էլ հնարավորություն ստացան մասնակցելու փառատոնի եզրափակիչ փուլին:

Փառատոնի հաջորդ կանգառը Սյունիքի մարզն էր: Հոկտեմբերի 29-ին Գորիս քաղաքի միջնակարգ դպրոցում կայացել է մարզային եզրափակիչ փուլը: Առաջին փուլի 347 հաղթողներից 55-ը մասնակցել են մարզային եզրափակիչ փուլին, որոնցից 6-ը կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Հոկտեմբերի 30-ին եւ 31-ին Արցախի Շառլ Ազնավուրի անվան նորաբաց մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ԼՂՀ եզրափակիչ փուլը: Նախընտրական փուլը հաղթահարած 247 աշակերտներից 50-ը մասնակցել են Արցախի եզրափակիչ փուլին, որոնցից էլ լավագույն 8-ը իրենց ուժերը կփորձեն փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլում: 

← Վերադառնալ ցուցակին