Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը
30.10.2013
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում դեռեւս 16-րդ դարից: Նա կարեւորեց Հնդկաստանի հետ կապերի հետագա խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով` գոհունակությամբ նշելով, որ հայ-հնդկական հարաբերությունները զարգացման նոր փուլ են ապրում համագործակցության տարբեր բնագավառներում: Պարոն Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական փոխգործակցության հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Նա բարձր գնահատեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ Հնդկաստանի խորհրդարանը նախաձեռնություն կցուցաբերի անդրադառնալու այդ իրողությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի խորհրդարանական հարաբերությունների պետնախարարը նշեց, որ Հնդկաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը: Նրա համոզմամբ իրոնց այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Պաբան Սինգհ Գաթովարը նույնպես կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում:
Զրուցակիցները կարեւոր համարեցին փոխգործակցության խորացումը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, դեղագործության եւ այլ ոլորտներում: Երկուստեք շեշտվեց տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին եւս: