Լուրեր

Տարոն Մարգարյանն ու Ժան-Կլոդ Գոդենը Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող ծառեր են տնկել մայրաքաղաքի թիվ 52 դպրոցի բակում

26.10.2013

 Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան - Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։
Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից մեկը նախատեսված է նաև սահմանափակ կարողություններով անձանց համար։
Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու գործընկեր քաղաքների, ինչպես նաև Եվրամիության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում այս ծրագիրն իրականացվեց հաջողությամբ:
<<Հուլիս ամսին բացվեց բազմաֆունկցիոնալ այս գեղեցիկ մարզադաշտը, որը սիրվեց թե դպրոցի աշակերտների, և թե շրջակայքի բնակիչների կողմից։ Ուզում եմ հատուկ ընդգծել այն փաստը, որ մարզադաշտը հարմարեցված է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։ Ներկայումս, Երևանի քաղաքապետարանը իր քաղաքաշինական ծրագրերում փորձում է հետամուտ լինել այս խնդրին՝ հաշմանդամների կարիքներին առավելագույնս անդրադառնալու նպատակով։ Հուսով եմ, որ հետագայում ևս մենք հնարավորություն կունենանք իրականացնելու նմանատիպ բազմաթիվ այլ ծրագրեր՝ ի շահ մեր քաղաքների բնակչության>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան - Կլոդ Գոդենն էլ, իր հերթին գոհունակություն հայտնելով ծրագրի արդյունքից, մեկ անգամ ևս ընդգծել է, որ սա երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերությունների ևս մեկ խոսուն ապացույց է::
<<Հարգելի պարոն քաղաքապետ, այս վերջին 48 ժամերը, որ մենք անց ենք կացնում միասին, պետք է խոստովանեմ, որ թե ես, և թե մեր պատվիրակության անդամներն ուղղակի զգացված ենք այն ջերմ և բարեկամական վերաբերմունքից, որ ցուցաբերվում է Ձեր կողմից: Տեսնելով դպրոցականների ու հարակից շենքի բնակիչների ոգևորությունը` ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել հենց Ձեզ, որ մեր կողքին եք ու անձամբ աջակցել եք այս ծրագրի իրականացման հարցում: Բացի այդ, շնորհակալ եմ նաև երկու քաղաքների միջև առկա արդյունավետ համագործակցության համար, քանի որ նաև Ձեր ջանքերի շնորհիվ ենք երկուստեք հաջողություններ գրանցում>>,- շեշտել է Ժան - Կլոդ Գոդենը:
Այնուհետ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Մարսելի քաղաքապետը ծանոթացել է նաև մարզահրապարակի պայմաններին ու ցուցադրական ելույթներին, որոնց մասնակցում էին նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն, ի նշան երկու քաղաքների բարեկամության, խորհրդանշական ծառեր են տնկել դպրոցի բակում:

← Վերադառնալ ցուցակին