Լուրեր

Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը

24.10.2013

 Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր:
Պայմանագիրը ՀՀ վարչապետի ներկայությամբ ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:
Բելգիայի կառավարության օժանդակությամբ կառուցվող այս կենտրոնը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման առաջին փուլն է, որով իրականացվելու են ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոդեղագործության և մոլեկուլյար ախտորոշման գործառույթներ:
Նշենք, որ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա և այլն:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

← Վերադառնալ ցուցակին