Լուրեր

Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի արդյունքում Երևանի քաղաքապետարանն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ

23.10.2013

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։ Քաղաքապետարանի հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության վերլուծությունն (PEFA) իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին փորձն է։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփիին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։
<<Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ։ Հաջողված այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի ուղղակի համագործակցության առաջին քայլն է, և մենք լիահույս ենք, որ համագործակցությունը լինելու է ավելի ընդգրկուն։ Աշխատանքների արդյունքում PEFA-ի ցուցանիշային միավորների հիման վրա մենք նախանշել ենք այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Երևանի ֆինանսական կառավարման բարեփոխումների ծրագրի լրամշակման, ինչպես նաև հաշվետվողականության կատարելագործման համար։ Այս ամենը իրականացվել է այն կարևոր նպատակով, որ քաղաքապետարանն ընդհանրապես, իսկ քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը հատկապես, լինեն օրինակելի, շահարկումներից զերծ և համապատասխանեն այս բնագավառի միջազգային լավագույն փորձին և որպես արդյունավետ գործիք ծառայեն քաղաքի ֆինանսական կառավարման համակարգի ռազմավարական ծրագրի իրականացմանը>>,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին ընդգծել է, որ ծրագրի արդյունավետությունը լավ գործակցության արդյունք է։
<<Մայրաքաղաք Երևանն իր դերակատարմամբ բացառիկ նշանակություն ունի Հայաստանի ընդհանուր կառավարման համակարգում, քանզի այստեղ են կենտրոնացած երկրի բնակչության և տնտեսվարողների հիմնական և որոշիչ մասը: Իրականացված ծրագրի նպատակը PEFA-ի կատարողական ցուցանիշների չափման շրջանակում Երևան համայնքի ֆինանսական հաշվետվողականության գնահատումն էր, նրա ուժեղ և թույլ կողմերի վերհանումը, վերլուծությունը։ Այս գնահատականները կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների համար>>,- նշել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին։
Համագործակցության արդյունքում կողմերն ակնկալում են, որ բանկը, կստանձնի Երևանի քաղաքապետարանի համար կարևոր այս բարեփոխումների աջակցության առաջատարի դերը և բացի բանկի ուղղակի և գործնական մասնակցությունից, այս կարևոր գործընթացի շուրջ կհամախմբվեն նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ, որոնց օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի հաջորդ՝ բարեփոխումների գործնական իրականացման փուլին։

← Վերադառնալ ցուցակին