Լուրեր

Վարչապետը մասնակցել է «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը

22.10.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը: Միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով հանդես է եկել «Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացման հեռանկարները» թեմայով զեկույցով:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Պյոտր Շչեդրովիցկու գործունեությունը որպես ճանաչված փիլիսոփա և մեթոդաբան, ով ՀՀ և ՌԴ մեթոդաբանական շարժման սերտ համագործակցության շրջանակում արդեն քանիցս այցելել է մեր երկիր: «Դեռևս 1989 թ. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվեց մեթոդաբանական շարժումը, որի ակունքներում կանգնած էր նաև Շչեդրովիցկիի հայրը՝ հայտնի մեթոդաբան Գեորգի Շչեդրովիցկին: Առաջին անգամ Ծաղկաձորում կազմակերպվել էր մեթոդաբանական խաղ, որին մասնակցում էին տաղանդավոր հետազոտողներ, երիտասարդ գիտնականներ, ովքեր էլ հիմնադրեցին մեթոդաբանական շարժումը Հայաստանում»: Ըստ վարչապետի՝ ներկայացվելիք զեկույցի մեթոդաբանական կարևոր նշանակությունն այն է, թե ինչպես են մեթոդաբանները ձևակերպում արդիական խնդիրները և ինչպիսի լուծումներ են առաջարկում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, ՀՀ ֆինանսական կազմակերպությունների միությունների, ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալ հայաստանյան և համաշխարհային տնտեսական զարգացումներին, խորացնել մասնագիտական գիտելիքները, ծանոթանալ համաշխարհային փորձին ու զարգացումներին։ Շարունակական զարգացման այս ծրագիրը նպաստում է արդիական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը։
Նշենք, որ Պյոտր Շչեդրովիցկին սեմինար է անցկացրել նաև ՀՀ կառավարությունում:

← Վերադառնալ ցուցակին