Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻՆ

21.10.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստան է ժամանել ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ընդգծելով ԵԽ դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում՝ Սերժ Սարգսյանն այդ առումով կարևորել է խորհրդաժողովի անցկացումը Երևանում և պարոն Յագլանդի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը: Նախագահը երևանյան խորհրդաժողովը համարել է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առանցքային միջոցառումներից մեկը: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը նպաստել է ԵԽ գործունեությանը և շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ ինչպես երևանյան խորհրդաժողովին, այնպես էլ նախարարների խորհրդում Հայաստանի նախագահությանը մշտապես աջակցելու համար:

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ երևանյան խորհրդաժողովի թեման իր համար չափազանց կարևոր և առաջնային նշանակություն ունի և հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: Նա շնորհավորել է Հանրապետության Նախագահին՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության կապակցությամբ: Թորբյորն Յագլանդը կարևորել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի աշխատանքը:

Հանդիպմանը Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և էլ ավելի խորացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության և հասարակության արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին:

ՀՀ Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը զրուցել են ԵԽ օրակարգի, Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

← Վերադառնալ ցուցակին