Լուրեր

Տեղի է ունեցել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողովը

21.10.2013

 Այսօր` հոկտեմբերի 21-ին, Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» հանդիսություների սրահում տեղի ունեցավ «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձրաստիճան
խորհրդաժողովը, որի ընթացում ելույթ ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Զաքարյանը.
«Հարգարժան մասնակիցներ, հյուրեր,
տիկնայք և պարոնայք

Նախ եւ առաջ ցանկանում եմ ողջունել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին: Հայաստանի եւ հայ մարդու համար համամարդկային արժեքները՝ դրանցում խարսխված եվրոպական արժեհամակարգը եւ իհարկե հանդուրժողականության ու մարդասիրության գլխավոր երաշխավոր Քրիստոնեական հավատը միշտ էլ հանդիսացել է մեր հասարակության ու պետության կայացման ուղենիշը: Պատահական չէ, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի նախարարաների կոմիտեի նախագահության շրջանակներում, որպես առաջնահերթություն է համարել նաեւ անհանդուրժողականության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը:
Եվրոպական հասարակություններն ի սկզբանե մշտապես եղել են բազմազան: Եվ հենց այդ բազմազանության շնորհիվ է, որ Եվրոպան բազմաթիվ նվաճումներ է ունեցել, չնայած բազմազանության հանգամանքը նաեւ տարբեր հիմնախնդրներ է առաջ բերել: Բոլոր ուսումնասիրությունները վկայում են, որ բազմազանությունը Եվրոպայի ճակատագիրն է երկու պատճառով: Նախ, որ վերջին տասնամյակներում Եվրոպա ժամանածներից շատերն իրենց հետնորդներով հանդերձ մնալու են հյուրընկալող երկրներում՝ կապված մնալով ծագման երկրի մշակութային ժառանգության հետ: Որովհետեւ եթե այդ մարդիկ ենթարկվում են օրենքներին, ապա պետք չէ ակնկալել, որ նրանք կհրաժարվեն իրենց հավատքից, մշակույթից կամ ինքնությունից: Բացի այդ այդպիսի բազմազանությունը կարող է նպաստել այն ստեղծագործական վերելքին, որի կարիքը այսօր շատ է զգում Եվրոպան: Սա նաեւ նշանակում է, որ Եվրոպայում միասին ապրելը պահանջում է հայացք ուղղել Եվրոպայից դուրս եւ հասկանալ թե ինչ է կատարվում այնտեղ: Մենք չենք կարող վճռել մեր հարեւանների ճակատագիրը, բայց մենք պետք է պատրաստ լինենք աջակցել նրանց եւ նաեւ կանխել հնարավոր վտանգները: Մասնավորապես այսօր Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ կան, որտեղ տարեցտարի ավելանում է այլատյացությունը, ռասիզմի ու ատելության քարոզչությունը: Խոսքս հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է, որտեղ այլատյացությունը, պատերազմի քարոզչությունն ու անհանդուրժողականությունը քաղաքական ու պաշտոնական մակարդակներում շատ սովորական երեւույթներ են դարձել: Ոչ մի երաշխիք չկա, որ այդ բացասական երեւույթները քայլ առ քայլ չեն թափանցելու Համաեվրոպական միասնական ընտանիք: Հատկապես, որ կան արդեն բազմաթիվ տխուր օրինակներ՝ քնած սպայի կացնահարում, ցմահ դատապարտված մարդասպանի ազատ արձակում ու հերոսացում, այս կամ այն ազգության ներկայացուցիչների դեմ ուղղված պարբերաբար կրկնվող հիստերիա եւ այլն:
Երկրորդ՝ Եվրոպան ծերանում է, եւ դա նշանակում է, որ ավելի շատ ներգաղթյալներ են անհրաժեշտ: Եվրոպական հանձնաժողովի հաշվարկներով Եվրոպական Միությունում առաջիկա 50 տարիներին մարդկային աշխատուժը զգալիորեն կկրճատվի՝ մինչդեռ բնակչությունը շարունակում է աճել: Այսօր Եվրոպական առաջատար երկրների քաղաքական առաջնորդները հաճախակի են անում գրեթե նույնանման հայտարարություններ այն մասին, որ «մուլտիկուլտուրիզմը» ձախողվել է: Հետեւաբար որո՞նք են ռիսկերը եւ ի՞նչ է հարկավոր անել:
Անհանդուրժողականության աճն այսօր աշխարհում ակնհայտորեն արտահայտվում է տարբեր խմբերի անդամների նկատմամբ դրսեւորվող թշնամական եւ խտրական վերաբերմունքով: Եվրոպայում այս երեւույթը դրսեւորվում է միգրանտների նկատմամբ տարածված վերաբերմունքով: Վերջիններիս վերաբերյալ առավել տարածված տեսակետները ներկայացված են «Միգրանտներն ու նրանց հետնորդները. բազմակարծիք հասարակություններում համընդհանուր բարեկեցության քաղաքականության ուղեցույց» հրատարակության մեջ, որտեղ Եվրոպայի Խորհրդի անդամ որոշ երկրներում իրականացված հարցումների ու հետազոտությունների հիման վրա արվել են մի շարք եզրակացություններ: Մասնավորապես նշվում է, որ կա կարծրացած տեսակետ, որ «ներգաղթյալներն են հանցավորության աճի պատճառը» եւ այս տեսակետը տարածված է ԶԼՄ-ում, պաշտոնական ու քաղաքական հայտարարություններում: Հաջորդ վերաբերմունքն այն է, որ ներգաղթյալներն իրենց հետ բերում են տարբեր հիվանդություններ, կամ ներգաղթյալների երեխաներն իջեցնում են տեղի դպրոցների չափանիշները եւ այլն: Տարածված են հատկապես աշխատանքի շուկային առընչվող անհանդուրժողականությունները, մասնավորապես նշվում է, որ ներգաղթյալները խլում են աշխատատեղերը, նվազեցնում են աշխատավարձերը, ինչպես նաեւ չարաշահում են պետության բարեկեցության հանգամանքը եւ այլն: Այս հայտարարությունների մի մասը, որոշ դեպքերում կարող է նաեւ ճշմարիտ լինել, սակայն եթե դրանք դիտարկենք ընդհանրության մեջ, ապա կարելի է ասել, որ թշնամանք է արտահայտվում մարդկանց բավական լայն խմբի նկատմամբ:
Եվրոպական երկրների մեծ մասում եւ նաեւ աշխարհի մյուս մասերում, որտեղ գերիշխող կրոնը առնվազն վերջին հազարամյակի ընթացքում Քրիստոնեությունն է, բնակչության մեծամասնությունը կամ քրիստոնեաներ են կամ ունեն քրիստոնեական ծագում եւ վայելում են հանրային դրական վերաբերմունք: Սակայն Եվրոպայում եւ ոչ միայն, կան հիմնականում մահմեդական որոշ երկրներ որտեղ քրիստոնեաները մինչ օրս բախվում են խտրականության ու անհանդուրժողականության տարբեր ձեւերի հետ կամ դառնում են թշնամանքի եւ կրոնական, էթնիկ պատկանելության հատկանիշներով կատարվող բռնարարքների զոհեր: Ընդհանուր առմամբ ավանդական ծայրահեղ աջակողմյան խմբերը շարունակում են պատասխանատվություն կրել հրեաների եւ նրանց պատկանող սեփականության նկատմամբ ոտնձգությունների զգալի մասի համար: Սակայն վերջին տարիներին այդ իրավախախտումների զգալի մասը կատարվում է մահմեդական դժգոհ երիտասարդության կողմից: Իսկ արեւելյան Եվրոպայում հակասեմական բացահայտված միջադեպերի համար պատասխանատու են սափրագլուխներն ու քաղաքական արմատական խմբավորումները: Եվրոպայում անցկացված մի շարք հետազոտությունները (օր՝ «Եվրոպայում հրեաների եւ մահմեդականների նկատմամբ անբարյացկամ վերաբերմունքի աճը» զեկույցի տվյալների համաձայն) վկայում են, մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ բացասական կարծիքի գերիշխման փաստը: Իսլամը շատ եվրոպացիների կողմից ընկալվում է որպես եվրոպական արդի կյանքի հետ անհամատեղելի եւ մահմեդականները երբեմն ենթարկվում են ռասիստական վերաբերմունքի ու խտրականության՝ հատկապես աշխատանքի շուկայում եւ կրթական համակարգում:
Ընդունված մոտեցում է, որ “ռասիզմը մարդու իրավունքների ոտնահարում է, որն արմատացած է ինչ որ մեկին չսիրելու մեջ, ով տարբերվում է կամ համարվում է ոչ լիարժեք: Երբ այդ հակադրությունը վեր է ածվում ատելության, դա կարող է հանգեցնել մարդկանց կողմից սարսափելի հանցանքներ գործելուն, ինչպես ողջ աշխարհին ցույց տվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի կամ վերջին շրջանում Բալկաններում և Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմների արհավիրքները”:
Չնայած այն համոզմունքին, որ քաղաքական և քաղաքացիական դիսկուրսում չեն կարող ընդգրկվել քսենոֆոբիկ արտահայտություններ, դժբախտաբար, մեր օրերում այն խոր արմատներ է գցել և քսենոֆոբիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց չգտնելը կվտանգի ամբողջ Եվրոպան եւ ոչ միայն: Մտահոգված լինելով այն փաստով, որ քաղաքական դիսկուրսում քսենոֆոբիկ տարրերն ավելի ու ավելի մեծ տեղ են գրավում` միջազգային կազմակերպությունները պետք է համապատասխան միջոցներ, այդ թվում նաեւ պատժամիջոցներ կիրառեն նմանատիպ գործողությունների դեմ: Քանի որ այն կարող է վարակիչ լինել, ինչպես նաև ծայրաստիճան հետևանքներ ունենալ հասարակական կարծիքի ձևավորման հարցում:
Տասնամյակներ շարունակ տարբեր ազգություններ քաղաքական ասպարեզում ենթարկվել են խտրականության: Փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ նախապաշարմունքները հաճախ դրսեւորվում են խտրականությամբ: Որպես աշխարհի ավելի քան հարյուր երկրներում հայկական սփյուռք ունեցող պետություն մենք շատ պարզ ու հիանալի ենք գիտակցում խտրականության, ռասիզմի ու քսենոֆոբիայի քայքայիչ ու ծայրահեղ վտանգավոր դրսեւորումները ժամանակակից աշխարհում: Մեր ժողովրդի պատմությունը ցավոք անմասն չի մնացել այդ ամենից՝ եւ նախորդ դարի Հայոց Ցեղասպանությունը, Հոլոքոստը, Հույների, Ասորիների եւ այլ ազգույթնունների զանգվածային կոտորածները այլատյացության, քսենոֆոբիայի, խտրականության, ու ռասիզմի վառ դրսեւորում էր: Ցավոք այն իր կոնկրետ դրսեւորման ձեւերն ունի նաեւ այսօր Ադրբեջանում, որտեղ իսպառ վերացվում են հայկական հազարամյա մշակույթի բոլոր վկայությունները՝ եկեղեցիները, խաչքարերը, մատուռները, վանքերն ու բերդերը: Ակնհայտորեն ոտնահարվում են Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Անշուշտ եվրոպական քաղաքական լանդշաֆտում տեղի են ունենում սոցիալական եւ գաղափարական զգալի փոփոխություններ: Արմատական պոպուլիզմի ալիքը տարածվում է Հյուսիսային Եվրոպայից մինչեւ Միջերկրական ծովի ավազանի երկրներ: Համապատասխան կուսակցությունները որպես կանոն դասվում են քաղաքական ներկապնակի աջակողմյան կամ ծայրահեղ աջակողմյան թեւին, սակայն դրանք նեոֆաշիստական կուսակցություններ համարելը սխալ կլինի: Վերջին տարիներին եվրոպական տարբեր երկրներում ընտրությունների եւ հարցումների արդյունքները վկայում են ընտրողների կողմից այն շարժումներին ցուցաբերվող աջակցության մասին, որոնք հանդես են գալիս բնիկ մեծամասնության շահերի եւ մշակույթի պաշտպանության անհրաժեշտության համար, ներգաղթի ու կոնֆեսիաների դեմ հայտարարություններով: Թեեւ այդ կուսակցությունները դեռեւս չեն կազմում մեծամասնություն, այնուամենայնիվ դրանք կարծես թե աճող ուժեր են քաղաքականության մեջ: Ընտրությունների ժամանակ նրանց հաջողությունները հիմնական կուսակցություններին հարող քաղաքական գործիչներին հակադրում են մրցակցել հականերգաղթային կամ քսենոֆոբիկ հռետորաբանության մեջ, ինչն իր հերթին օրինականացնում է ռասիստական դիրքորոշումները եւ նպաստում դրանց տարածմանը ողջ հասարակության շրջանում: Այնուամենայնիվ քաղաքական դիսկուրսը կարող է և պետք է վճռորոշ դերակատարում ունենա ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարելու համար` դրական ներգործություն ունենալով հասարակական կարծիքի վրա: Այդ պատճառով էլ չափազանց կարևոր է որքան հնարավոր է ընդլայնել քաղաքական կուսակցությունների ներգրավվածությունը անհանդուրժողականության, քսենոֆոբիայի դեմ պայքարում` նպատակ ունենալով նպաստելու ազգերի միջև հանդուրժողականության հաստատմանը, ինչպես նաև նման սարսափելի երևույթի դատապարտմանը և կանխարգելմանը: Ավարտելով ելույթս ցանկանում եմ համաձայնվել բոլոր այն տեսակետների ու համոզմունքների հետ, համաձայն որոնց ազատ հասարակության մեջ տարբեր ռասաների, կրոնի եւ մշակույթի մարդկանց միջեւ խաղաղ գոյակցությունը կարող է ապահովվել, եթե բոլորը համաձայնվեն ընդունել միեւնույն առաջնորդող հիմնարար սկզբունքները: Չնայած պետք է ընդունել, որ գոյություն ունեն այնպիսի պայմաններ, որոնց դեպքում նույնիսկ համաձայնեցված սկզբունքների իրականացումն ակնհայտորեն դժվար կլինի: Այնուամենայնիվ ժամանակակից հրամայականները պահանջում են քաղաքական դիսկուրսի ուղղվածություն, որի ընթացքում քաղաքական դերակատարներ, ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է որդեգրեն քսենոֆոբիան ու ռասիզմը բացառող միասնական քաղաքականություն: Միասին ապրելու, մեր ազատություններն ու բազմազանությունները համադրելու եւ անվտանգ զարգանալու համար այն հրամայական է ոչ միայն Եվրոպայի այլ ժամանակակից աշխարհի բոլոր տարածաշրջանների համար»:

← Վերադառնալ ցուցակին