Լուրեր

Պարգեւատրում Ազգային ժողովում

21.10.2013

Հոկտեմբերի 21-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց Շարժայի Բանկի կառավարիչ Վարուժան Ներգիզյանին, «Կապրիոլե քոնսթրաքշն» շինարարական կազմակերպության նախագահ, ճարտարապետ Հրայր Սողոմոնյանին, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ կապերի ամրապնդման եւ հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուշանվեր հանձնեց նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի Կառավարիչ, Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ-Քասսիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարիին:

Հանձնելով մեդալները եւ շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պատվիրակությունը կարեւոր առաքելությամբ է գտնվում Հայաստանում՝ Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրի օրհնության արարողությանը մասնակցելու համար: Պարոն Աբրահամյանն ասաց, որ Հաղարծինի վանական համալիրի վերականգնման եւ վերակառուցման ծրագիրն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի Կառավարիչ, Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ-Քասսիմիի հովանավորությամբ: Հովիկ Աբրահամյանը իր եւ խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց Շեյխ Ալ Քասիմիին նվիրատվության համար: «Այս քայլը եւս մեկ անգամ հիմնավորեց հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը եւ ամրապնդեց այն»,- ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: Նա երախտիքի խոսքեր հղեց պարոն Ալ Քասիմիին այն ջերմ ու հարգալից վերաբերմունքի համար, որ տածում են Շարժայի իշխանությունները այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հանդեպ: «Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները գնալով ավելի ամրապնդվեն եւ զարգանան»,- ասաց պարոն Աբրահամյանը:

Պարգեւատրվածները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին՝ իրենց աշխատանքը գնահատելու եւ ԱԺ բարձր պարգեւի արժանանալու համար:  

← Վերադառնալ ցուցակին