Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրի օրհնության արարողությանը

19.10.2013

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրի օրհնության արարողությանը, որին ներկա էին հայաստանյայց հոգեւոր դասը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորությամբ, պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից ժամանած հյուրեր:

Նշենք, որ Հաղարծինի վանքային համալիրում դարերի ընթացքում կատարվել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ: Վերջին վերականգնողական աշխատանքները վերաբերում են անցյալ դարի 50-ական թվականներին: 60-ական թվականների վերջին եւ 70-ականի սկզբներին Վանքային համալիրի մի քանի կառույցներ մասնակի վերականգնվել են: Այսօր վերակառուցումը, որն սկսվել է 2008թ-ից, իրականացվել է՝ ընգրկելով համալիրի գրեթե բոլոր կառույցները:Հաղարծինի վանական համալիրի վերականգնման եւ վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի Կառավարիչ, Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ-Քասսիմիի հովանավորությամբ, ով այս նպատակով կատարել է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Հոգեւոր համալիրը վերակառուցվել է՝ հիմք ընդունելով մինչ այժմ եղած Ճարտարապետական լուծումները:

Ներկաներին ողջունեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Վեհափառ Հայրապետը եւ ուրիշներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացի մեդալով պարգեւատրվեց Համիդ Դիլա Ջաֆարին: Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Պատվո շքանշանով պարգեւատրվեց ԱՄԷ Գերագույն խորհրդի կառավարիչ Շարժայի շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ- Քասսիմին: Պետական բարձր պարգեւները հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանի ղեկավարը Հաղարծինի դպրանոցում ուսումնասիրեց նաեւ վանքի հին լուսանկարները: Իսկ միջոցառման ավարտին փոքրիկները ներկաներին ողջունեցին պարային կատարումներով, հնչեցին շարականներ: 

← Վերադառնալ ցուցակին