Լուրեր
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
19.10.2013
Հոկտեմբերի 19-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Միջազգային եւրոպական շարժման ներկայացուցիչների հետ:
Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն նշեց, որ Հայաստան իրենց այցի նպատակն է նպաստել երկու հարեւան երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ հարաբերությունների մերձեցմանը, վստահության մթնոլորտի ստեղծմանը: Դիեգո Պինտոն նշեց, որ շարժումը տարբեր ծրագրեր է իրականացրել Բալկաններում, Արեւելյան Եվրոպայում՝ նպաստելով տարբեր հակամարտությունների ընթացքում եւ դրանից հետո հակամարտող հասարակությունների միջեւ երկխոսությանը եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Շարժման գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենք նույնը փորձելու են իրականացնել Հարավային Կովկասում եւ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններում:
Ադրբեջանի ներկայացուցիչը ասաց, որ այս շարժման միջոցով նրան հնարավորություն է ընձեռնվել այցելել Հայաստան, ծանոթանալ հայ հասարակության հետ եւ Ադրբեջան վերադառնալիս անպայման կպատմի հայերի սիրալիր եւ ջերմ վերաբերմունքի մասին:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորելով նրանց այցի նպատակը Հայաստան` ողջունեց նրանց ջանքերը եւ անհրաժեշտ համարեց հայ-ադրբեջանական հասարակությունների միջեւ հարաբերությունների հաստատման գործում միջազգային կազմակերպությունների ակտիվ դերակատարումը: Ըստ Արտակ Զաքարյանի՝ վստահության մթնոլորտի ստեղծման եւ երկխոսության հաստատման համար միայն մեկ կողմի պատրաստակամությունը բավարար չէ. անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանություններն էլ գիտակցեն ու կարեւորեն դա: «Ես այս մասին ասել եմ նաեւ նախորդ տարի Բաքվում տեղի ունեցած խորհրդարանական մի հանդիպման ժամանակ»,-ընդգծեց հաձնաժողովի նախագահը: Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանի հասարակությունն ամեն օր մամուլում կարդում է Ադրբեջանից եկող հակահայկական քարոզչություն, ատելության մթնոլորտի ու պատերազմի մասին ելույթներ: Եվ դա չի կարող լավ անդրադարձ ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման վրա:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ հայկական կողմը անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար եւ հուսով է, որ շարժման ջանքերը կծառայեն իրենց նպատակին: