Լուրեր
Գրքի շնորհանդես Ազգային ժողովում
17.10.2013

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ «Հայաստան. հազարամյակների ուղի » եռահատորյակի շնորհանդեսը:
Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովը պատմաբանի հմտությամբ ու մանրակրկտությամբ է ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ լինելով իրավաբան: Հեղինակն ազգությամբ բաշկիր է, սակայն հայ ժողովրդի նկատմամբ ունեցած մեծ սիրուց է ծնվել «Հայաստան. հազարամյակների ուղի » եռահատորյակը: Պարոն Շարմազանովը կարեւորեց այն փաստը , որ եռահատորյակի ստեղծման համար հեղինակն օգտվել է Մովսես Խորենացու,Կորյունի, Եղիշեի, Մովսես Կաղանկատվացու մատյաններից:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ներկայացնելով հեղինակին, նշեց, որ ինքն է գրել եռահատորյակի առաջաբանը եւ կարծում է, թե Ռաֆայիլ Զինուրովը հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է, հայ ժողովրդի պատմության մեծագույն գիտակը եւ հայկական քաղաքակրթության ջատագովը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը իր հեղինակած գրքի մասին խոսեց հայերեն՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է գրել, խոսել հայ ժողովրդի մասին: Նրա խոսքով՝ եռահատորյակը, որը գրված է չափածո, իր նվերն է հայ ժողովրդին՝ ի նշան սիրո: Նա ասաց, որ իր համար Արարատ լեռն ու հայ ժողովուրդը հոմանիշներ են:
Հյուրերը նշեցին, որ Ռաֆայիլ Զինուրովի եռահատորյակը մեծ արձագանք է գտել Ռուսաստանի Դաշնությունում եւ քննարկվում է մտավորակնների, պատմաբանների, լրագրողների կողմից: