Լուրեր

Խորհրդարանական լսումներ «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով

17.10.2013

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով:

Լսումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ պետական մարմինների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը գործունեության ընթացքոմ ստացել է 21 դիմում, դրանցից 16-ը մերժվել է. բոլոր նյութերը տեղադրված են ԱԺ կայքէջում եւ հասանելի են հանրությանը: Ներկայացնելով ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործառույթներն ու խնդիրները` Դավիթ Հարությունյանը նկատեց, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նա հույս հայտնեց, որ լսումները կօգնեն բարեփոխելու ոլորտի օրենսդրությունը:

«Խորհրդարանական էթիկայի ոլորտում միջազգային չափորոշիչները եւ զարգացման ընդհանուր միտումները» զեկույցով հանդես եկավ Կանադայի Մաքգիլ համալսարանի Զարգացմանն ուղղված միջազգային օժանդակության գծով ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը: Նա նկատեց, որ վերջին տասնամյակների ընթացքում ողջ աշխարհում նվազում է հորհրդարանների հանդեպ հանրության վստահությունը, բացառություն են կազմում Շվեդիան եւ Դանիան: Պատճառները բազմաթիվ են. ժողովրդավարության պակաս, արժեհամակարգերի փոփոխություն, կրթվածության մեծացում եւ այլն, ուստի անհրաժեշտ է կատարել համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք կհսկեն պատգամավորների վարքագիծը եւ կնպաստեն խորհրդարանների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Այդ նպատակի համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է ունենալ վարքագծի կանոնագիրք, որտեղ ամրագրվում են պատգամավորի վարքագծի կանոնները եւ դրանց խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցները, որոնք տարբեր երկրներում խիստ բազմազան են: Ըստ փորձագետի, թեեւ պատժամիջոցներն արդյունավետ չեն, այնուամենայնիվ դրանց առկայությունն անհրաժեշտ է:

«Կարգավորման հիմնական սկզբունքները. կանոնների գործնական կիրառման որոշ հարցեր» զեկուցմամբ հանդես եկավ խորհրդարանական էթիկայի գծով միջազգային բրիտանացի փորձագետ Ջոն Լյոնը: Կիսելով իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները, նա տեղեկացրեց, որ Մեծ Բրիտանիայում, օրինակ, Վարքագծի կանոնագիրքը 4-5 տարին մեկ փոփոխվում է: Վարքագծի կանոնագիրք ունենալու նպատակը մեկն է՝ ունենալ ուժեղ, վստահելի խորհրդարան, բարձրացնել խորհրդարանի նկատմամբ հանրության վստահությունը: Նշվեց, որ այսօր դեռեւս 6-7 երկրներ ունեն պաշտոնապես հաստատված Վարքագծի կանոնագրքեր: Փորձագետը նշեց, որ Մեծ Բրիտանիայում Ստանդարտների հանձնաժողովի քննության առարկա են դառնում այն դեպքերը, երբ պատգամավորի վարքագիծը բացասաբար է անդրադառնում խորհրդարանի հեղինակության վրա:

«Գույքի եւ եկամուտների հայտարարագրումը. պրակտիկան եւ խնդիրները» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը: Նա նշեց, որ մեկուկես տարի գործող հանձնաժողովն արդյունավետ գործում է, սակայն աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել լրամշակելու ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման վերաբերյալ դրույթները, գտնել ուղիներ՝ պարզելու նրանց կողմից հայտարարագրված տվյալների հավաստիությունը, հստակեցնել ընտանիքի անդամների ցանկն ու փոխկապակցված անձանց շրջանակը, ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը: Արմեն Խուդավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովը համագործակցում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, նախատեսվում է անցնել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի. այս հարցին օժանդակում է Համաշխարհային բանկը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթների եւ հարցերի միջոցով մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկներն ու դիրքորոշումները:

Ամփոփելով լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ լսումներն ընթացան շահագրգիռ, արդյունավետ քննարկման մթնոլորտում, հնչեցին առաջարկներ, որոնք կնպաստեն ոլորտի օրենսդրության կատարելագործմանը: 

← Վերադառնալ ցուցակին