Լուրեր
ՀՀ կառավարական պատվիրակությունը Վաշինգտոնում ԱՄՀ-ի և ՀԲ-ի ղեկավարների հետ քննարկել է փոխգործակցության առաջիկա ծրագրերը
12.10.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Հայաստանի կառավարական պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Վաշինգտոնում, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին երկու կառույցների կողմից մեր երկրի հետ իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները: Ակնկալվում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան մեր երկրի տնտեսության մեջ կիրականացնի 160 մլն դոլարի ներդրում:
Համաշխարհային բանկի ղեկավարների հետ քննարկվել են նաև Հայաստանի զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին: