Լուրեր
<<Ավելի մաքուր Երևան>>. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում
12.10.2013
<<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Բուզանդի փողոցի միջանկյալ հատվածում կազմակերպվել է <<Ավելի մաքուր Երևան>> խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես:
Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձևավորման և գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և մի շարք այլ ոլորտներում կատարված նորարարական աշխատանքները: Մասնավորապես, ներկայացվել են էլեկտրոնային չվացուցակի համակարգի սարքավորումները, գովազդային նոր՝ քաղաքային չափերին համապատասխանող վահանակները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրոլեյբուսը և այլ հետաքրքիր ցուցանմուշներ:
Կազմակերպիչները փաստել են, որ էքսպոն լավ հնարավորություն է հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնելու ընթացիկ տարվա ձեռքբերումները:
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալու էին շտապել դպրոցականներ, երիտասարդներ, նաև՝ օտարերկրացի հյուրեր: