Լուրեր

Էրեբունիում նախատոն էր

11.10.2013

 <<Էրեբունի>> թանգարան-արգելոցի առջևի հրապարակում և Էրեբունի փողոցի երկայնքով 11։00-ից <<Էրեբունի-Երևան 2795>>-ի նախատոնի բազմաբնույթ միջոցառումներն են մեկնարկել։
Մինչ 18։00-ն Երևանի 12 վարչական շրջանների արվեստի ու երաժշտության դպրոցների սաների և մշակույթի տների համույթների կատարմամբ հնչել են ազգագրական, ինչպես նաև Երևանի մասին երգեր։
Փողոցի երկայնքով՝ 70 գույնզգույն տաղավարներում բազմազան տոնավաճառ էր. Երևանում գործող արվեստի քոլեջների, դպրոցների, ինչպես նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների սաների ձեռագործ աշխատանքներն էին ցուցադրվում. տոնակատարությանը մասնակից քաղաքացիները դրանք գնելու հնարավորություն էլ ունեին։
Պատանի ստեղծագործողները, ասում են, ուրախությամբ են ընդունել տոնակատարությանը մասնակցելու առաջարկը, քանի որ, նրանց խոսքով, իրենք այդպիսով մեկտեղում են մասնակցությունը տոնին և իրենց ստեղծագործությունները ցուցադրելու հանրավորությունը։
Ավագ սերնդի մասնակիցները, հիշելով առաջին <<Էրեբունի-Երևան>> տոնակատարությունները նշել են, որ այսօր իրենք մասնակցում են մի նորօրյա տոնի, որ, վերափոխվելով հանդերձ, պահպանել է տասնամյակների ոգին և վերջին տարիներին գնալով ավելի զանգվածային է դառնում ու սիրված։
Տաղավարներից մեկում մանկական ներկայացում էր՝ ծաղրածուների մասնակցությամբ։
Ներկաներին զվարճացնում էր նաև լարախաղացների խումբը։
Տոնավաճառում առանձին էր գրքի տաղավարը. այստեղ ներկայացված էին վերջին տարիներին հրատարակված մանկական գրականությունը, ինչպես նաև հայ ու արտասահմանյան գրականության երկեր։
Տոնավաճառին մասնակցում էին նաև մայրաքաղաքի սիրված պանդոկները, խոհարարական ուսուցման կենտրոնները, ովքեր ազգային կերակուրների ու աղանդերի համտեսի էին հրավիրում տոնին ներկաներին։
<<Էրեբունի-Երևան 2795>>-ի նախատոնն ամփոփելու է <<Երևանում տոն է>> խորագրով համերգը։

← Վերադառնալ ցուցակին