Լուրեր
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆԵԼ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԱՆՑԱԿԵՏԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
27.09.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև պետական սահմանի կառավարման ոլորտի մարմինների, միջազգային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին:
Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման և զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաև միջազգային առևտրի խթանման խնդիրները: Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաև տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար կբարելավվեն կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:
ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:
Ս.թ. հուլիսի 22-ին Նախագահի կողմից ստորագրված մեկ այլ փաստաթղթով՝ ՀՀ Նախագահի կարգադրությամբ մեկնարկել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը: