Լուրեր
Ավարտական փուլում են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային օջախների ջեռուցման ապահովման աշխատանքները
26.09.2013

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի արդյունքում ջեռուցման համակարգերով կապահովվի մայրաքաղաքի 16 գրադարան: Դրանցից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Նշենք, որ ծրագիրն այս տարի ամբողջանում է, և մայրաքաղաքի բոլոր գրադարանները մինչև տարեվերջ ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով: Ջեռուցման համակարգերով են համալրվում նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցները, մշակույթի կենտրոնները:
Մշակութային օջախների ջեռուցման ծրագրում ընդգրկված են նաև <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը, <<ՀայԱրտ>> մշակութային կենտրոնը և Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:
Ծրագրի շրջանակում թվով 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ, որոնց մեծ մասն արդեն իսկ ավարտված է:
Բոլոր աշխատանքների որակի ապահովման և ժամանակացույցի պահպանման նկատմամբ քաղաքապետի հանձնարարությամբ իրականացվում է խիստ վերահսկողություն: