Լուրեր

Հայ-չինական հարաբերություններն մշտապես ունեն դինամիկ զարգացման միտում. Տիգրան Սարգսյան

26.09.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ՝ վարչապետը չին ժողովրդին մաղթել է երջանկություն և բարեկեցություն:
Անդրադառնալով հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է տարբեր բնագավառներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող փոխգործակցությունը:
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին, որը միջազգային ասպարեզում հանդիսանում է տնտեսական և քաղաքական հիմնական դերակատարներից մեկը: Միաժամանակ, մենք բարձր ենք գնահատում Չինաստանի կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը և շնորհակալ ենք մեր տարածաշրջանում իրականացվող բալանսավորված և կառուցողական քաղաքականության համար: Այդ կապակցությամբ, ցանկանում եմ վստահեցնել, որ ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ունի վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ Չինաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը հանդիսանում է ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իր և Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի միջև 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Դալյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրվել է Հայաստանին լրացուցիչ 100 մլն յուանի աջակցության մասին համաձայնագիր: «Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի ֆինանսական աջակցությունը, որը մեծ նշանակություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Մենք նաև ողջունում ենք Երևանում չինական դպրոցի կառուցման վերաբերյալ Չինաստանի կառավարության որոշումը, ինչը ևս մեկ խորհրդանիշ կդառնա երկու ժողովուրդների միջև բարեկաման հարաբերությունների և համագործակցության ամրապնդման համար»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր երկկողմ օրակարգային կարևորագույն կետերից մեկը հանդիսանում է տնտեսական կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարն ուրախությամբ նշել է, որ այդ հարաբերությունները մշտապես ունեն զարգացման միտում: Վարչապետն այդ ուղղությամբ կարևոր քայլ է համարել նաև Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում հայկական ապրանքատեսակների տաղավարի բացումը, որը տեղի է ունեցել Չինաստան կատարած իր այցի շրջանակներում:
Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև Չինաստանի վարչապետի հետ ստորագրված երկկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համաձայնագիրը, որը նախատեսում է ստեղծել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, ինչը կարևոր քայլ է տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում: Վարչապետի խոսքով՝ այդ համաձայնագրի իրականացումը թույլ կտա զարգացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում:
«Մեր կարծիքով՝ հեռանկարային են համարվում զբոսաշրջության ոլորտը, որի զարգացման համար մեծ նշանակություն կունենա երկկողմ ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, արդյունաբերությունը և այլ բնագավառներ: Վստահ ենք, որ այս ամենը նոր թափ կհաղորդի մեր երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին