Լուրեր
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում
23.09.2013
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները սեպտեմբերի 16-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված ՙԵրիտասարդ առաջնորդներ 2013-2014՚ խորագրով ծրագրին, որն անցկացվում էր ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 13 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին հայտնի պետական և քաղաքական գործիչներ։
Ծրագրի շրջանակներում երիտասարդ քաղաքական գործիչները ծանոթացել են հռետորաբանության նրբություններին, ժողովրդավարական ինստիտուտներին, կուսակցությունների կառուցվածքին, արժեքներին, գենդերային հավասարությանը, կոռուպցիոն ռիսկերին վերաբերող խնդիրներին։
ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտի հետ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համագործակցությունը շարունակական է։ ՙԵրիտասարդ առաջնորդներ 2013-2014՚-ի մասնակիցները նոյեմբերի 11-15-ը կմասնակցեն ծրագրի 2-րդ փուլին՝ ՙՄիջազգային և անվտանգության խնդիրները՚ խորագրով, իսկ հունվարի 20-24-ը՝ ՙՄարտահրավերները սոցիալ-տնտեսական կյանքում՚ խորագրով դասընթացին: