Լուրեր
Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ
23.09.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ բացվել է Օշական համայնքի վերակառուցված կամուրջը, որը Քասախ գետի վրայով ճանապարհ է բացում դեպի հանդիպակաց ափում գտնվող հողատարածքներ: Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ նախկինում իրենց կողմից բարձրացված այդ խնդրին հետամուտ լինելու համար: Բնակիչները նշել են, որ կամուրջի գործարկման արդյունքում հնարավորություն են ստացել մշակել գետի այն ափում գտնվող շուրջ 300 հեկտար հողատարածքներ, որոնք ճանապարհի բացակայության պատճառով մինչ այժմ չէին օգտագործվել:
2011 թվականին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Օշական կատարած այցելության ժամանակ բնակիչները բարձրացրել էին կամուրջի հարցը: Վարչապետը խոստացել էր կամուրջի վերակառուցման նախագիծն ընդգրկել ՀՀ կառավարության հրատապ ծրագրում: Կամուրջի կառուցման համար հատկացվել է 20 մլն դրամ:
Այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը զրուցել է օշականցիների հետ՝ լսել նրանց խնդիրներն ու պատասխանել վերջիններիս հետաքրքրող մի շարք հարցերի: Համայնքի բնակիչները գոհունակություն են հայտնել Օշականում հիմնված ամբուլատորիայի աշխատանքներից և շնորհակալություն հայտնել կառավարությանը՝ իրենց համայնքի համար խմելու ջրի նոր ջրագիծ կառուցելու համար:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն Աշտարակի մարզադաշտում մասնակցել է ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: