Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ
21.09.2013
Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ համապետական կարեւորագույն տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Բոլոր ժողովուրդների համար անկախությունը ոչ միայն բնական եւ օրինաչափ ձգտում է, այլեւ` սեփական ճակատագիրը տնօրինելու եւ իր ապագան կառուցելու իրավունք:
Անկախության ձեռքբերմամբ եւ պետականության վերականգնմամբ մենք ազդարարեցինք համայն աշխարհին, որ ի զորու ենք մեր երկիրը դարձնել համաշխարհային ընտանիքի արժանապատիվ անդամ, միջազգային գործընթացների իրավահավասար մասնակից:
22 տարի առաջ համաժողովրդական կամարտահայտմամբ նվաճած անկախությունը յուրաքնչյուրից պահանջում էր սրտացավ մոտեցում պետության հանդեպ, հանդուրժողականության ու միասնականության հատուկ դրսեւորում, հավատ ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Այդ նույն հավատն ու վստահությունը երաշխավորեցին մեր հաղթարշավը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ծանր հետեւանքների վերացման, ռազմի դաշտում հանուն ազատ Արցախի տարած հաղթանակի ապահովման, սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման գործում:
Վստահ եմ, որ որեւէ փորձություն ու դժվարություն չեն կարող խաթարել մեր երկրի հաստատուն ընթացքը` հասնելու համաժողովրդական ձգտումների լիարժեք իրականացմանը, ունենալու ավելի զարգացած, բարեկեցիկ ու ապահով Հայաստան:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ` բոլորիս մաղթում եմ եռանդուն եւ արգասաբեր աշխատանք հանուն մեր պետության հզորացման ու մեր ժողովրդի բարեկեցության: