Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

19.09.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այն հերթական կարևոր քայլն է համակարգի արդիականացման, անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և արդյունքում՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:

Նախագահը շրջայց է կատարել նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային պայմաններին, այցելել մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետ. ռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման և այլ բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները:

Ոլորտի պատասխանատուները Հանրապետության Նախագահին զեկուցել են նրա հանձնարարությամբ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կտրուկ աճով պայմանավորված ՝ 2012 թվականին անհրաժեշտություն էր առաջացել բարեփոխել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների ընթացակարգերը և ենթակառուցվածքները: Դիմումների ավելացող հոսքի պարագայում, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, 2012 թվականի հուլիսից որոշում կայացվեց առավել հստակեցնել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգերը, արդիականացնել տեխնիկական միջոցները, ապահովել դիմումների ընթացքի վերաբերյալ դիմումատուների իրազեկվածությունը: Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները շրջայցի ժամանակ ներկայացվել են Հանրապետության Նախագահին:

← Վերադառնալ ցուցակին