Լուրեր
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովը Ազգային ժողովում
19.09.2013
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Ժողովրդական դիվանագիտության հիմնախնդիրները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ, միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների ղեկավարներ, «Հայ դատի» հանձնախմբի անդամներ, ՀԲԸՄ ներկայացուցիչներ, հոգեւորականներ, կուսակցությունների անդամներ եւ այլք:
Բացելով համաժողովի աշխատանքը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հյուրերին եւ համաժողովի անցկացման ընթացակարգը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ ի տարբերություն աշխարհում գործող այլ կազմակերպությունների, հայկական հիմնախնդիրների մասին իրազեկող կառույցների ստեղծումը հիմնականում պայմանավորված է ցավալի իրողությամբ՝ 1915 թ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությամբ: Այս ողբերգությունը դարձավ շարժիչ ուժ տարբեր կառույցների ստեղծման համար, որոնցում միավորված անհատների նպատակն էր՝ հասնել աշխարհում նախադեպը չունեցող ոճրագործության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Այդ կառույցների ջանքերով սկսվեց եւ շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգայնացման գործընթացը, որի իրավական ու բարոյական արդարացի հանգուցալուծումը հեռու չէ: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը ոչ միայն բարոյական հարթության մեջ է, այլեւ իրավական, որովհետեւ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնը չճանաչելը նշանակում է անպատժելիության մթնոլորտի ստեղծում եւ նոր ցեղասպանությունների իրագործում: Հենց այս մոտեցմամբ է առաջնորդվում Հայաստանի Հանրապետությունը, քանզի 1915 թ. մարդկության դեմ իրականացված ոճրագործությունը ժամանակին ճանաչված եւ դատապարտված չլինելու պատճառով ճանապարհ հարթեց 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների եւ էթնիկ զտումների համար: Ուղերձում նշվում է, որ մեր օրերում եւս զգացվում է հանդուրժողականության պակաս, որի հետեւանքով փորձեր են կատարվում խնդիրների լուծմանը հասնել ուժի կիրառման, ահաբեկչության եւ բռնության միջոցով:Համահայկական հնչեղություն ունեցող խնդիրներով զբաղվող կառույցների առաքելությունը սկսվել է, բայց չի ավարտվում միայն Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով: «Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի առջեւ կանգնած են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են ոչ միայն շարունակական գործողություններ, այլեւ նոր գործելաոճ»,- ասված է ուղերձում: Երկրի առջեւ կանգնած գերխնդիրներից պարոն Աբրահամյանը նշել է ԼՂ հակամարտության հայանպաստ լուծումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության դե յուրե ճանաչումը: «Սա ենթադրում է ավելի կազմակերպված եւ նպատակաուղղված աշխատանք՝ ի շահ հայ ժողովրդի եւ հայոց պետականության»,- ասված է ուղերձում: Ուղերձում պարոն Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներին իրենց հայրենանվեր գործունեության համար, համոզմունք է հայտնել, որ շարունակական եւ հետեւողական գործունեության շնորհիվ հայկական հիմնախնդիրներով զբաղվող կառույցները հաջողության կհասնեն: