Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահը եւ ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահը այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
19.09.2013
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսն ու նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ողջունեց ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի միջեւ ձեւավորվող համագործակցությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաեւ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի անդամներին` 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Կալիֆորնիայի հայ համայնքին, նրա ունեցած ներդրմանը նահանգի զարգացման գործում:
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի նախագահ Ջոն Պերեսը շնորհակալություն հայտնեց հայոց հոգեւոր կենտրոնում ջերմ ընդունելության համար, անդրադարձավ այցի նպատակին եւ Հայ եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: