Լուրեր
ՀՀԿ Կանանց խորհուրդը ներկայացնում է
17.09.2013
Սեպտեմբերի յոթին Ծաղկաձորում կայացավ ՀՀԿ Կանանց խորհրդի հերթական սեմինարը, որի շրջանակներում ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի ներկայացնել սեմինարի նպատակն ու խնդիները:
-Ի՞նչ նպատակ ունի ՀՀԿ կանանց խորհրդի ծաղկաձորյան սեմինարը:
-ՀՀԿ Կանանց խորհրդի հերթական աշխատանքային սեմինարն է, այստեղ են կուսակցության տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների նախագահները, գաղափարաքարոզչական,կազմակերպչական և կրթական հանձնաժողովների ներկայացուցիչները: Սեմինարը հատուկ նպատակադրում ունի՝ քննարկել հարցեր, որոնք կարևորվում են Կանանց խորհուրդների հետագա աշխատանքներում:
-Ո՞ր հարցերն են դրանք:
-Հատկապես գաղափարաքարոզչական և կրթական, որովհետև յուրաքանչյուր կուսակցություն համար գլխավորը իր գաղափարները քարոզելն և շարքերը հզորացնելն է կազմակերպչական աշխատանքների միջոցով: Կանանց խորհրդի կազմում կան նաև այլ հանձնախմբեր՝ կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային, այսինքն՝ մեր կյանքի բոլոր կենսական ոլորտներն ընդգրկող, որոնք կնոջ համար ավեի հոգեհարազատ են, որտեղ կինն ավելի մեծ հնարավորություններ ունի ինքնարտահայտվելու: Այդ հանձնաժողովներում ընդգրկված են պրոֆեսիոնալներ ու շահագրգիռ մարդիկ, որ ուսումնասիրում են իրավիճակը և բարձրացնում լուծման պահանջ ունեցող հարցերը: ՀՀԿ-ն այսօր այնպիսի դիրք ունի երկրում, որ ներքևից բարձրաձայնվող բազմաթիվ հարցեր վերևում լուծելու հնարավորություններ կան: Համայնքային լուծման ենթակա հարցերը մենք կարողանում ենք լուծել համայնքներում աշխատող մեր կուսակից ընկերների միջոցով, այն հարցերը, որոնք պետք է առաջադրվեն կառավարությանը, կարողանում ենք ներկայացնել նաև կառավարությունում՝ ունենալով բազմաթիվ կուսակից ընկերներ: Օրենսդրական լուծումներ պահանջող հարցերը ներկայացնում են խորհրդարանում աշխատող մեր գործընկերները:
-Այս սեմինարներն ամենամյա՞ են:
-Ոչ, մենք հանդիպում ենք տարեկան երկու-երեք անգամ և որպես կանոն քննարկում ենք անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքները, այն խնդիրները, որ դեռ չեն լուծվել, և, իհարկե, մեր ծրագրերը: ՀՀԿ անդամ կանայք բարձրաձայնում են այն հարցերը, որ կյանքն է առաջադրում: Որպես կանոն՝ մեր հանդիպումներին մասնակցում են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Շատ հաճախ մեր քննարկումներին ներկա է լինում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա համբերատար պատասխանում է բոլոր հարցերին, մեզ հետ միասին քննարկում այն բոլոր հարցերը, որոնք մեր կուսակիցները կարևորում են՝ սկսած կուսակցական աշխատանքներից մինչև քաղաքական ու տնտեսական, աշխարհաքաղաքական խնդիրներ: Ամեն անգամ մեր հանդիպումները ավարտվում են վերջին հարցի հետ՝ նախագահը այնքան ժամանակ է հատկացնում, որ պատասխանի բոլորի հարցերին: Մեր հանդիպումներին մասնակցում են նաև Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, նախարարներ, անցյալ հանդիպման հյուրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր:
-Ո՞րն է այսօրվա քննարկման առանցքը:
-Տարին արդեն կիսվել է, և մենք միմյանց տեղեկատվություն ենք տալու Կանանց խորհուրդներում կատարած աշխատանքների մասին: Դա ոչ միայն հաշվետվություն է, այլև փորձի փոխանակում, միմյանց հետ խորհրդակցելու հնարավորություն: Աշխատանքի այն խելացի ու արդյունավետ մեթոդները, որ որևէ տարածքային կազմակերպությունում կամ մարզում կիրառվում են, կարող են հարստացնել մյուսների զինանոցը: Մենք համագործակցության մեջ օգտագործում ենք ուղղահայաց ու հորիզոնական վեկտորները՝ տարբեր ճանապարհներ, որոնցով կուսակցական շինարարության և կուսակցության զարգացման խնդիրն է լուծվում: Մեր կուսակցությունը հանրապետությունում ամենամասսայականն է և կանանց թիվը կազմում է հիսուն տոկոսը: Կանայք բավականին ակտիվ են, ոչ միայն կուսակցական սկզբնական կազմակերպությունների ձևավորմանն են մասնակցում, որտեղ նաև ղեկավար դիրքեր են ստանձնում, այլև ակտիվ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ:
Այս սեմինարի առանցքային թեմաներից մեկն է կանանց դերն ազգային ինքնության պահպանման և հայ մարդու արժեհամակարգի պահպանման գործում: Կարծում եմ՝ սա արդիական թեմա է, որովհետև գլոբալացվող աշխարհում էականորեն փոփոխվում են արժեքները և արժեհամակարգերը փորձությունների են ենթարկվում: Այս պարագայում շատ կարևորում ենք հայկական ինքնության կապվածությունն իր արմատներին, ավանդույթներին, այս իմաստով կանանց ներկայությունը վճռորոշ է, որովհետև և մայր են, և քույր, և ուսուցիչ: Մենք ուզում ենք, որ հայ ընտանիքներում, մեր հասարակության մեջ առաջացող խնդիրներում հայ կինը կարողանա իր ազդեցությամբ իրավիճակ փոխել: Կարևոր խնդիր եմ համարում տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության մեծացման խնդիրը, դա շատ կարևոր հարթակ է համայնքներում, որովհետև տեղական ինքնակառավարման մարմիններն իշխանության այն մասն են, որի հետ մարդը շփվում է ամեն օր իր բոլոր խնդիրներով: Այս իշխանությունը ևս մեզնում բավականին տղամարդկային է և պետության քաղաքականությունն է, որ այս հարթակն ավելի մարդասիրական դառնա, դեմքով դեպի մարդը շրջված լինի, ավելի նրբազգաց: Կանանց խորհուրդներն այսօր ունեն այդ խնդիրը՝ նախապես պատրաստվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Եկող տարի մենք հարյուր վեց համայնքային ընտրություններ ունենք, ավագանիների ու համայնքապետերի ընտրություններ, որոնց այսօրվանից արդեն մեր խորհուրդները պատաստվում են, որպեսզի մեր կուսակից ընկերների շարքում գտնեն այն անհատներին, ովքեր իրենց կրթական, գիտելիքային, փորձառնության շրջանակներում համապատասխանում են այդ հարթակում աշխատելուն: