Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը

17.09.2013

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրանց այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա` ի շահ մեր երկրների»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Նրա գնահատմամբ` տարբեր մակարդակներում հայ-չեխական համագործակցությունը վերընթաց բնույթ է ստացել, եւ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ համակողմանի փոխգործակցությունը, քաղաքական երկխոսության շարունակականությունը, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումը: ԱԺ նախագահի համոզմամբ` խորհրդարանական երկխոսությունը կարող է օգտակար լինել նաեւ փոխճանաչելիության բարձրացման, միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց աջակցելու տեսանկյունից:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի, հայ -թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ վերջին արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Նա բարձր գնահատեց ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Չեխիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն: Հայաստանի Հանրապետության Մաքսային Միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է մեր երկրի շահերից: «Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես առաջնորդվել է եւ շարունակում է առաջնորդվել շահերի համադրման սկզբունքով եւ շարունակելու է խորացնել ու ընդլայնել հարաբերությունները թե մեր եվրոպական գործընկերների եւ թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը` հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում: «Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք՝ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Չեխիայի Սենատի փոխնախագահը կարեւորեց Հայաստանի հետ համագործակցության զարգացումը եւ ընդլայնումը տարբեր ոլորտներում: Տիկին Հորսկան բարձր գնահատեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունները` անհրաժեշտ համարելով դրանց հետագա խորացումը եւ զարգացումը: Նա կարեւոր համարեց համագործակցության ընդլայնումը նաեւ մարզերի եւ քաղաքների միջեւ` գոհունակությամբ փաստելով Կառլովի Վարի եւ Ջերմուկ քաղաքների միջեւ գործակցությունը, որի հիմքը դրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչան, անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը, նշեց. «Կարծում եմ՝ բոլոր պետությունները պետք է հարգեն Հայաստանի ընտրությունը` Մաքսային միությանը անդամակցելու որոշումը»: Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է շարունակի ձգտումը դեպի Եվրոպա, եւ կարեւորը կատարված ու առաջիկայում կատարվելիք աշխատանքն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին