Լուրեր
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
13.09.2013
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի եւ «Համբուրգեր աբենդբլաթ» թերթի քաղաքական մասի խմբագիր Կրիստիան Ունգերի հետ:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորեց Յուրգեն Կլիմկեի այցը Լեռնային Ղարաբաղ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-գերմանական հարաբերություններին, քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի միջեւ սերտ աշխատանքը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, կարեւորելով երկկողմ կապերի խորացումը, անհրաժեշտ համարեց ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովների միջեւ համագործակցությունը: Հատկապես ընթացիկ ժամանակահատվածում եւ ապագայի համար կարեւորվեց այն հանգամանքը, որ Գերմանիայի Բունդեսթագում իրական եւ հստակ տեղեկատվություն եւ պատկերացումներ լինեն Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց առանձնահատկությունների մասին: Արտակ Զաքարյանը կարեւորեց նաեւ Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար պետության դերը ՀՀ-ԵՄ երկխոսության հետագա զարգացման գործընթացներում: Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու խնդրին՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հիմնավորեց կայացված որոշման գործոնները եւ հանգամանալից պատասխանեց հյուրերի հարցերին:
Խորհրդարանականներն անդրադարձան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից՝ ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն նշեց, որ Գերմանիան կարեւորում եւ աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: