Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԴԵՍՊԱՆ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻՆ
11.09.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:
Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: