Լուրեր
Ազգային ժողովի քառօրյա նիստում
11.09.2013
Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված հարցերը:
Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը շարունակեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Օրինագծով առաջարկվում է Արարատյան ջրավազանում լուծարել 525 եւ կոնսերվացնել 470 խորքային հորեր, ինչպես նաեւ էապես մեծացնել ջրագողության համար սահմանված վարչական տուգանքների չափերը:
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Վարդան Այվազյանը:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ Արարատյան դաշտավայրում կան 496 հորեր, որոնք այսօր չորացած են եւ չեն գործում: Ըստ պատգամավորի՝ քննարկվող նախագիծն այս տեսքով չի նպաստի այդ դաշտավայրի ստորգետնյա ջրային պաշարների պահպանմանը եւ վերականգնմանը: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ օրինագծի ընդունումը կվատթարացնի ջրօգտագործողի եւ վերահսկիչ կառույցների միջեւ փոխհարաբերությունները: Ըստ Խաչիկ Հարությունյանի՝ ջրագողության համար սահմանված վարչական տուգանքների չափերի մեծացումը չի լուծի ոլորտում առկա խնդիրները: Պատգամավորը կարծում է, որ ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ: Դրական գնահատելով նախագիծը՝ Վարդան Այվազյանը կարծում է, որ այն նպատակ ունի ավելացնելու պետական բյուջեի դրամական միջոցները:
Ամփոփելով քննարկումը՝ հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Կառավարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի կառնվեն պատգամավորների առաջարկները, կներկայացվեն լրացուցիչ հիմնավորումներ:
Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամի ընտրության հարցը:
Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Հանրապետական» խմբակցությունը ՀՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում առաջադրում է ԵՊՀ իրավագիտության ֆալուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի եւ ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները:
Առաջադրված թեկնածուները, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, ներկայացրին ՀՀ արդարադատության խորհրդի գործունեության բարելավմանը եւ խորհրդի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված իրենց դիրքորոշումները, պատասխանեցին պատգամավորների հարցերին:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` սեպտեմբերի 12-ի նիստում:
ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստը տրամադրվեց պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին: