Լուրեր

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

11.09.2013

Սեպտեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամներ Խոսե-Մարի Էտչեբարիայի եւ Դենիս Բադրեի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովն արդյունավետ համագործակցում է տարբեր միջազգային խորհրդարանական կառույցների, բարեկամական խմբերի, ինչպես նաեւ՝ եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ: Նա համոզմունք հայտնեց, որ այս այցը եւս կօգնի եվրոպական քաղաքական համայնքի մաս կազմող լիբերալ- դեմոկրատների դաշինքում Հայաստանի նկատմամբ ճիշտ եւ հավասարակշռված, հստակ պատկերացումներ ունենալու համար:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձավ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ կայացված որոշմանը եւ նշեց, որ այն եղել է հիմնավորված, զերծ արտաքին ներգործություններից: Այդ համատեքստում նա նկատեց, որ Մաքսային միությանն անդամակցելը չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստան- Եվրամիություն համագործակցության վրա, քանի որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել եւ զարգացնել Եվրամիության անդամ երկրների, տարբեր կառույցների, ինչպես նաեւ եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ ձեւավորված փոխգործակցությունն ու երկխոսությունը:

Արտակ Զաքարյանը ներկայացրեց նաեւ տարածաշրջանային իրավիճակը եւ Հայաստանի հարաբերություններն ու դիրքորոշումները տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: Այն եւս ելակետային է. դրանից ելնելով՝ Հայաստանն ընդունել է նպատակային եւ հիմնավորված որոշում:

Եվրոպական դեմոկրատական կուսակցության անդամները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության զարգացմանն ու երկխոսությանը, ինչպես նաեւ ներկայացրեցին լիբերալ-դեմոկրատ դաշինքի դիրքորոշումը եւ կարեւորեցին Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը: 

← Վերադառնալ ցուցակին