Լուրեր
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
10.09.2013
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրինագծերի քննարկմանն անցնելը՝ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը երկրորդ ընթերցման էր ներկայացվել առանց փոփոխությունների:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորումներին եւ սահմանումներին համապատասխան սահմանել «պալիատիվ բժշկական օգնություն» հասկացությունը եւ տրամադրվող ծառայությունների շրջանակը: Ըստ այդմ՝ պալիատիվ բժշկական օգնությունն ակտիվ, համակողմանի արհեստավարժ օգնություն է անբուժելի հիվանդներին եւ նրանց ընտանիքներին՝ հիվանդության զարգացման վերջին հատվածում, որի նպատակն է նվազեցնել ցավը եւ մյուս բացասական ախտանիշները, ինչպես նաեւ հիվանդին ցուցաբերել ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական եւ հոգեւոր աջակցություն: Նախարարը պարզաբանեց, որ պալիատիվ բժշկությունն աղերս չունի հոսպիսների հետ. այն այլ տեսակի ծառայություն է:
Նախարարը տեղեկացրեց, որ տարեկան 27-28 հազար մահացություններից մոտավորապես 6-7 հազարի դեպքում կարիք կա պալիատիվ բժշկական օգնության: Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման չափորոշիչները նախատեսվում է սահմանել 6-ամսյա ժամկետում: Նախատեսվում է պալիատիվ բժշկական օգնության կենտրոն ունենալ երկու տարվա ընթացքում, բժշկական օգնությունը կազմակերպել հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային կարգով, ինչպես նաեւ պատրաստել մասնագետներ:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ներկայացմամբ՝ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ « Թմրամիջոցների եւ հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:
ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Դավիթ Հարությունյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերատադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց համահեղինակ Արա Բաբլոյանը: Փոփոխություններից մեկով առաջարկվում է փոխնակ մայր դառնալու տարիքը, որը գործող օրենքով 18-35 է, դարձնել 20-35 : Բացի այդ, նախատեսվում է, որ փոխնակ մայր կարող է դառնալ այն կինը, որն առնվազն մեկ անգամ ծննդաբերել է:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Մկրտիչ Մինասյանը:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ խորհրդարանն սկսեց քննարկել «ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» ՀՀ ԿԸՀ հաղորդագրությունը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվել են 15, քվեարկվել՝ 7 թեկնածու: ՀՀ Նախագահի ընտրությունների կազմակերպման նպատակով կազմվել են 1988 ընտրական տեղամասեր եւ 41 ընտրատարածքներ, դիտորդական առաքելություն են իրականացրել 12 միջազգային կազմակերպությունների 632 դիտորդներ եւ հանրապետությունում գործող 26 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԿԸՀ-ն անցկացրել է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման դասընթացներ, հանդիպումներ իրականացրել մոտ 40 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, կազմակերպվել են ասուլիսներ: Ապահովվել է ընտրությունների հրապարակայնությունը եւ թափանցիկությունը: Նախընտրական քարոզչությունն անցել է ակտիվ, մրցակցային պայմաններում, լուսաբանվել է հավասարաչափ: Իրավախախտումներրի վերաբերյալ ստացվել են մի շարք հաղորդագրություններ, որոնք գնահատելով՝ ՀՀ դատախազությունն արձանագրել է, որ ըստ էության՝ ողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումները զանգվածային եւ տարածված բնույթ չեն կրել, հարուցվել է 13 քրեական գործ: ԿԸՀ որոշումը, որի համաձայն ՀՀ Նախագահ է ընտրվել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, վիճարկել են ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ուժի մեջ է թողնվել ՀՀ ԿԸՀ համապատասխան որոշումը: Ամփոփելով հաղորդագրության ներկայացումը, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներ լրացման եւ բարեփոխման կարիք ունեն:
Այնուհետեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի առաջարկով պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախարարը նշեց, որ Արարատյան ջրավազանում բավարար չափով չկանոնակարգված ջրօգտագործման հետեւանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, որը փոխելու կամ բարելավելու համար առաջարկվում են համապատասխան քայլեր: Առաջարկվում է Արարատյան ջրավազանում լուծարել 525 եւ կոնսերվացնել 470 խորքային հորեր, ինչպես նաեւ էապես մեծացնել ջրագողության համար սահմանված վարչական տուգանքների չափերը:
ԱԺ գլխադասային՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր. այն ներկայացրեց Լյովա Խաչատրյանը:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում:
Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին: