Լուրեր
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին դանիացի գործընկերների հետ
10.09.2013
Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Հանսենի, պատգամավոր Միքայել Յենսենի եւ մի խումբ դանիացի լրագրողների հետ:
Ողջունելով հյուրերին ` ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը օգտակար համարեց նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հիմք են երկու երկրների խորհրդարանների միջեւ հետագա հարաբերությունները զարգացնելու համար:
Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահի խնդրանքով հայ խորհրդարանականները իրենց տեսակետները ներկայացրին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ:
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փաստեցին, որ Մաքսային միությանը միանալու հետ զուգընթաց, Հայաստանը շահագրգիռ է խորացնել հարաբերությունները նաեւ Եվրոպական միության հետ եւ նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ հայ խորհրդարանականները նշեցին, որ իրենց տեսակետը այս հարցում համահունչ է միջազգային հանրության, մասնավորապես Մինսկի խմբում համանախագահող երկրների դիրքորոշմանը: ԱԺ պատգամավորները խոսեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններից:
Հանդիպմանը կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության խորացումը եւ ակտիվացումը, ինչպես նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: