Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 22- ամյակի կապակցությամբ

02.09.2013

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Հանուն անկախության մղած արժանապատիվ պայքարով ու համոզիչ հաղթանակով Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ոչ միայն կարող է երազել եւ մտածել ինքնուրույն ապրելու մասին, այլեւ ունի անհրաժեշտ կամք, ուժ եւ ոգի՝ իրականություն դարձնելու այդ երազանքն ու ցանկությունը, տեր կանգնելու իր իրավունքներին ու պատմական երկրին:

Ժողովրդի կամքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակումից հետո անցած ավելի քան 20 տարիների ընթացքում հաղթահարել է փորձություններով լի պետականաշինության պատմական դժվարին ճանապարհը: Այսօր Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված, զարգացման զգալի ներուժ ունեցող եւ առաջընթացի ժողովրդավարական ճանապարհն ընտրած ինքնիշխան պետություն է:

Վստահ եմ, որ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ արցախցիների վճռական կամքն ու վստահ քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն միջազգային ճանաչման, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդարացիորեն վաստակել է պետությունների համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ դառնալու իրավունքը եւ անշրջելիորեն մոտենում է այդ նպատակակետին:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս հերոսական տոնի առթիվ եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մաղթում խաղաղություն, բարեկեցություն եւ կայուն առաջընթաց:  

← Վերադառնալ ցուցակին