Լուրեր

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին

02.09.2013

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները և ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ:
ՀՀ վարչապետը և Բակո Սահակյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ նախագահը ծաղիկներ են դրել նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
 

← Վերադառնալ ցուցակին