Լուրեր

Ամփոփվել է <<Երևանյան ամառ>> ծրագիրը

02.09.2013

 Ամռան վերջին օրը, երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում ամփոփվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացված <<Երևանյան ամառ>> խորագրով ծրագիրը:
Ժամը 19-ից մեկնարկած միջոցառման առաջին հատվածում մանուկների համար կազմակերպվել է տոնական համերգային ծրագիր` սիրված մուլտհերոսների մասնակցությամբ:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ազգային պարերի ուսուցում: <<Երևանյան ամառ>>-ի եզրափակիչ ծրագրին մասնակցել են հայկական էստրադայի սիրված և ճանաչված երգիչները: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից նաև հնարավորություն է ստեղծվել ներկայացնելու հայտնի հիթեր` կարաոկեի միջոցով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս ներկա է գտնվել <<Երևանյան ամառ>>-ի ամփոփիչ գեղարվեստական միջոցառմանը, երևանցիների հետ հետևել համերգային ծրագրին: Շրջելով տարածքում՝ Տարոն Մարգարյանը նաև զրուցել է քաղաքացիների հետ, ովքեր շտապել են շնորհակալություն հայտնել քաղաքապետին ամռան ընթացքում մատուցված հաճելի անակնկալների ու նախաձեռնությունների համար:
Նշենք, որ <<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակում վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` մարզամշակութային, սոցիալական, առողջապահական:
Ծրագրի հիմնական նպատակը մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող բնակիչների համար առօրյան առավել լիարժեք և հետաքրքիր դարձնելն էր:

← Վերադառնալ ցուցակին