Լուրեր

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

30.08.2013

Օգոստոսի 30-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին եւ ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացան մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ներդնել խրախուսանքի նոր տեսակ՝ «Անբասիր ծառայության համար» մեդալ:

Նախարարի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկեց «Դատախազական ծառայության մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը միտված է կարգավորել ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության հարաբերությունները եւ համապատասխանեցնել օրենքի դրույթներն այլ օրենքների հետ:

Պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թեւան Պողոսյանի եւ Դավիթ Հարությունյանի հեղինակած «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը, նախատեսվում է սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների, ինչպես նաեւ՝ ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը:

Փոփոխությունների ընդունման արդյունքում պարտադիր կդառնա լրատվական նյութի սկզբնաղբյուրին հղում կատարելը եւ էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ՝ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշումը: Հեղինակների համոզմամբ՝ փոփոխությունները կնպաստեն հեղինակային իրավունքների առավել պաշտպանությանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:

Նա եւ օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն առաջարկում են որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները այն խախտումը, որը տեղի է ունենում ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ: Առաջարկվում է նաեւ նույն՝ խիստ պատժամիջոցը նախատեսել նաեւ այն անձանց համար, ովքեր կլքեն ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Նման կարգավորումը նպատակ ունի կանխելու լայն տարածում ստացած այն դեպքերը, երբ վարորդները, խուսափելով առավել բարձր պատասխանատվությունից, դիտավորյալ լքում են պատահարի վայրը հարբածությունը թաքցնելու համար եւ հետագայում այդ նյութերի ազդեցությունն անցնելուց հետո կամովին ներկայանում են իրավապահ մարմիններին:

Այնուհետ ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել դատական ակտերին ներկայացվող հիմնավորվածության եւ պատճառաբանվածության աստիճանը, բարելավել դատական ծանուցումները, կատարելագործել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը եւ այլն:

Հաջորդ՝ «ՀՀ տոներրի եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության ընդունման օրը, նշել նաեւ որպես պետական խորհրդանիշերի օր:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկեց «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով: Նախագծի ընդունմամբ դատավարության մասնակիցներին ծանուցում կիրականացվի ոչ միայն փոստով կամ առձեռն, այլ նաեւ հասցեատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցում ուղարկելով:

Քննարկվեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված օրենքների նախագծեր: 

← Վերադառնալ ցուցակին