Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բրազիլիայի նորանշանակ դեսպանին
29.08.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 29-ին ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մոնտեյրուին:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցությունը կզարգանա եւ կխորանա: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը բազմակողմ համագործակցության լայն հնարավորություն է ընձեռում: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ `միջպետական հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական կապերին: Այս համատեքստում կարեւոր համարվեց երկու երկրների խորհրդարանների միջեւ գործակցության ակտիվացումը եւ զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: ԱԺ նախագահի խոսքով` անհրաժեշտ է նաեւ ամրապնդել մշակույթի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում մեր երկրների միջեւ առկա արդյունավետ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Բրազիլիայի դեսպանը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` նշելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Հայ-բրազիլական փոխգործակցության խորացման առումով` դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացման եւ ակտիվացման անհրաժեշտությունը: Դեսպան Մոնտեյրուն վստահեցրեց, որ իր գիտելիքներն ու փորձը կներդնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման համար:
Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ստորին պալատի պատգամավորներ Նելսոն Պելեգրինոյի եւ Կլաուդիո Կաժադուի ներկայացրած ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեւի նախագծին` նշելով, որ այդ առիթով նամակ է հղել Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսին եւ մտահոգություն հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: Ի պատասխան դեսպանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Բրազիլիայի տեսակետը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: