Լուրեր
ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ, ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
27.08.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ աշակերտների և ուսանողների: Նախագահի նստավայրում, մասնավորապես, հյուրընկալվել են հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտները, 2013թ. դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները, 2013թ. դպրոցականների միջազգային հինգ օլիմպիադաների մեդալակիրները, «Կենգուրու-2013» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները, ինչպես նաև ՌԴ Կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում մեդալներ շահած ՀՀ ուսանող մարզիկները: Արդեն ավանդական դարձած այդ հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ:
Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը բարձր առաջադիմություն ցուցաբերած ու օլիմպիադաներում հաջողությունների հասած աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ երիտասարդներ,
Ուրախ եմ այս հանդիպման համար և հաճույքով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:
2008թ. ընտրվելով Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես խոստացել էի, որ կհանդիպեմ դպրոցների մեդալակիր շրջանավարտների և միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողների հետ: Հավատացեք՝ որքան էլ զբաղված լինեմ, որքան էլ մեծ ու փոքր խնդիրներ լուծելու անհրաժեշտություն լինի, այնուամենայնիվ, ես իմ խոստումը կատարելու եմ և ամեն տարի հանդիպելու եմ նման երիտասարդների հետ, որովհետև մի կողմից դուք դրան արժանի եք, մյուս կողմից՝ ինքս մշտապես դրական լիցքեր եմ ստանում այսպիսի հանդիպումների ժամանակ: Այսօր դուք իմ անձնական հյուրերն եք: Մենք այս դահլիճում մշտապես հանդիպում ենք օտարերկրյա ղեկավարների հետ: Նրանց համար այստեղ ընդունելություններ ենք կազմակերպում, բայց հավատացեք, որ այսօրվա հանդիպումը պակաս կարևոր չէ: Դուք մեր երկրի ապագան եք, դուք մեր ժամանակի հերոսներն եք, և մեր երկիրը նման հերոսների կարիք ունի: Մեծ կարիք ունի:
Ես միշտ իմ զրուցակիցների հետ հպարտությամբ եմ խոսում ձեր մասին: Հավատացեք՝ մեր երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի գիտությունը, կրթությունը Հայաստանում զարգանան: Մի քանի ամիս առաջ ես հանձնարարել էի հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից: Եվ արդեն այս տարվանից գործում են մի շարք ծրագրեր: Ծրագրեր, որոնք ընդհանրական են, նախատեսված են բոլորի համար և ծրագրեր, որոնք արդեն գործում են սոցիալապես անապահով ուսանողների համար:
Այս հանդիպումը սոսկ հանդիպում չէ և ձևական բնույթ չի կրում: Այս հանդիպումը քաղաքականություն է: Մեր երկրի զարգացման կարևորագույն ուղղությունն է կրթությունը: Ոչ պակաս, քան զինված ուժերը: Դուք մեր երկիրը ներկայացնում եք դրսում՝ արտասահմանում, դուք մեզ պատիվ եք բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ մրցել, թող մրցեն կրթության բնագավառում: Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն, ականջներն էլ սրեն ու տեսնեն ձեր հաջողությունները:
Միջազգային առարկայական օլիմպիադաներում դուք արդեն իսկ վաստակել եք 11 մեդալ՝ 1 արծաթե և 10 բրոնզե, ինչն ուղիղ այնքան է, որքան Վրաստանի և Ադրբեջանի ձեր հասակակիցների շահած մեդալները միասին վերցրած: Ես վստահ եմ, որ աստղագիտության բնագավառում մենք դեռևս հաջողության ակնկալիքներ ունենք և ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաջողություն մաղթենք մեր երիտասարդներին:
Ապրե՛ք: Շնորհակալ եմ: Հավատացեք՝ շատ մեծ գործ եք կատարել: Ե՛վ անցյալ տարի, և՛ այս տարի մենք հասել ենք լավագույն արդյունքների:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կազանի օլիմպիադայի մասնակիցներին, ովքեր շահել են 10 մրցանակ: Երբեք մենք մեր նորագույն պատմության մեջ այդքան մեդալներ ունիվերսիադաներում չէինք շահել:
Ուզում եմ առանձնահատուկ նշել բոլոր այն շրջանավարտներին, ովքեր այս տարի ստացել են ոսկե մեդալներ: Ուրախալին այն է, որ հանրակրթությունը Հայաստանում զարգանում է ոչ միայն Երևանում, ինչպես շատերն են ասում, այլ նաև մեր մարզերում: Եվ այդ մասին է խոսում մեդալակիրների թվի աճը ոչ միայն Երևանում, այլ նաև Գորիսում, Սիսիանում, Հրազդանում, Գյումրիում: Սա շատ լավ է: Վստահ եղեք, որ այս գործընթացը շարունակվելու է:
Ուզում եմ նշել մեր փոքրիկներին՝ «Կենգուրու» խաղի հաղթողներին, ովքեր իրավամբ համարվում են ձեզ փոխարինողներ: Ցանկությունս է, որպեսզի ձեզնից որևէ մեկը կանգ չառնի ձեռք բերածի վրա: Սա ձեր լուսավոր ապագայի առաջին հաստատուն քայլն է, և այն պետք է լինի հարատև: Մշտապես պետք է սովորեք: Նույնիսկ բուհ ավարտելուց հետո պետք է սովորել, մշտապես կարդալ: Կարդալ և ոչ միայն մասնագիտական գրականություն: Դուք փոքր, բայց մեծ մշակույթ ու պատմություն ունեցող ժողովրդի արժանի ներկայացուցիչներն եք: Դուք պետք է բազմակողմանի զարգացած լինեք, պետք է ուրիշներից շատ տարբերվեք: Հակառակ պարագայում, մենք բոլորս՝ մեր ժողովուրդը, չի ունենա այն ապագան, ինչի մասին մշտապես մեր նախնիները երազել են և ինչի համար շատ-շատերը տվել են իրենց կյանքը:
Ես հավատում եմ ձեզ: Հավատում եմ և ցանկանում եմ, որպեսզի մենք այս դահլիճում հաջորդ անգամ հանդիպենք այլ կարգավիճակով: Գիտեք, որ Հայաստանում գործում է մի հիմնադրամ՝ «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն 10 բուհերում սովորող հայ ուսանողներին: Ամեն տարի նրանց հետ էլ եմ հանդիպում: Այս տարի մի քանի շաբաթ առաջ եմ հանդիպել: Փայլուն երիտասարդներ են: Փայլուն: Կցանկանայի, որ որոշ ժամանակ հետո դուք ու նաև ձեզ հետ ուրիշները որպես «Լույսի» կրթաթոշակառուներ լինեք այս դահլիճում, և մենք արդեն խոսենք այլ թեմաների շուրջ: Ցանկանում եմ, որ մենք այս դահլիճում կրկին հանդիպենք և դուք արդեն լինեք Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականների համար նախատեսված մրցանակների արժանացածներ: Ինքներդ էլ չեք տեսնելու, չեք զգալու, թե ինչպես անցան այդ մի քանի տարիները, և եթե շարունակեք այս տեմպով՝ դուք մեր երկիրը տանելու եք առաջ: Անցնելու է որոշ ժամանակ, հավատացեք, որ այս երկրի պատասխանատուները լինելու են կա՛մ այս դահլիճում նստածներից, կա՛մ էլ ձեզ նմաններից: Անձնապես պատասխանատու պետական բարձր պաշտոնյաներ: