Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին

01.08.2013

 Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինարարության և բարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում աշխատանքներն ավարտվել են:
Ճանապարհի հարթեցումից հետո այստեղ կատարվել է ոչ միայն երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, այլև մայթերի նորոգում ու եզրաքարերի փոխարինում, անձրևատարների և դիտահորերի նորոգում, նաև՝ նորերի կառուցում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ:
<<Շինարարների առջև անհրաժեշտ որակն ապահովելու խնդիր է դրված, և այդ ուղղությամբ քաղաքապետարանի պատասխանատուների հսկողությունն ամենօրյա է: Մեր պահանջը հստակ է. այդ ճանապարհները պետք է երկար ծառայեն երևանցիներին ու դրա պատասխանատուն հենց կապալառուն է: Շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերում հստակ նշված է, որ առաջիկա 5 տարիներին ճանապարհի սպասարկումը պետք է իրականացնի հենց այն կազմակերպությունը, որը կատարել է այդ աշխատանքները>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերով կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ծավալն այս տարի կկազմի շուրջ 2.5 միլիոն քառակուսի մետր: Կհիմնանորոգվի շուրջ 30 փողոց, կասֆալտապատվեն նաև բազմաթիվ երկրորդական փողոցներ, մայթեր ու բակային տարածքներ:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 2.6 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և, շրջելով ճանապարհի ամբողջ երկայնքով, տեղում հետևել ընթացող աշխատանքներին:
Իսկակովի պողոտայի և նոր կառուցվող ավտոճանապարհի հատման հատվածում քաղաքապետի շրջայցի պահին կատարվում էին ուղետարի հարդարման աշխատանքներ` առաջիկայում պողոտայի երթևեկության երկրորդ ուղղությունը վերականգնելու նպատակով:
Ճանապարհի հաստատված նախագծի վրա Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև աշխատաքների ներկա փուլը:
Նոր կառուցվող ավտոմայրուղին, համաձայն նախագծի, կունենա երկու ուղղություններով 2-ական երթևեկաշերտ և շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ` մի կողմից միանալով Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից՝ Լենինգրադյան փողոցին:
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինհրապարակում աշխատանքներն ընթանում են երկու հերթափոխով՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, ինչը թույլ կտա արագընթաց մայրուղին հնարավորին շուտ հանձնել շահագործման:
Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև տարածքի ընդհանուր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների մեկնարկի ուղղությամբ:
<<Լենինգրադյան-Իսակով ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Արդեն պատրաստ է Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհի թունելային և Իսակովի պողոտայի կամրջի հատվածները: Առաջիկայում կավարտվեն նաև դրանց արտաքին հարդարման աշխատանքները: Հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ ևս կտարվեն աշխատանքներ: Վստահ եմ, երբ ճանապարհը շահագործման հանձնենք, կունենանք ոչ միայն որակյալ, այլև բարեկարգ ճանապարհ>>,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

← Վերադառնալ ցուցակին