Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում

31.07.2013

 Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են բակերի, այգիների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները: Նոր Նորք վարչական շրջանում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում:
Նոր Նորքի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այս տարի հիմնովին բարեկարգվում է Տիգրան Մեծի այգին: Տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող հանգստի գոտին շուտով բոլորովին նոր տեսքով ու հարմարավետությամբ կհանձնվի բնակիչներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր էր: <<Մեր որդեգրած սկզբունքն է կառուցվող բոլոր այգիներում ու բակերում շինարարության ընթացքում պարտադիր հարցնել մեր բնակիչներից կարծիքներ: Բոլոր այս նախաձեռնությունները հենց մեր քաղաքացիների համար են, և նրանք են վայելելու բարեկարգ բակերն ու այգիները: Երբ տեսնում ենք այս երեխաների ժպիտը, մեր բնակիչների ուրախությունը, որ իրենց բակային տարածքում ունեցան հանգստի գոտի դա մեզ ավելի է ոգևորում ընդլայնելու ծրագիրն ու բարեկարգելու մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքները, որոնք դեռևս խնդիր ունեն: Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մենք կավարտենք ծրագիրն ու Երևան քաղաքում այլևս անբարեկարգ բակ չենք ունենա և բոլորը կհանձնենք մեր բնակիչներին>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը զրուցել է նաև Գայի պողոտայում տեղակայված կրպակաշարերի տնտեսվարողների հետ: Տարոն Մարգարյանը հորդորել է պատասխանատուներին պահպանել ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման նորմերն ու բարեկարգ տեսք ապահովել կրպակներին հարակից տարածքներում:
Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 13 շենքերի բակում բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Շրջայցի շրջանակում բնակիչների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացել է բարեկարգված խաղահրապարակն ու ֆուտբոլի խաղադաշտը:
Քաղաքապետը, չմերժելով ֆուտբոլասեր փոքրիկների խնդրանքը, ի հիշատակ հանդիսավոր օրվա, իր ստորագրությունն է դրել ֆուտբոլային գնդակի վրա և մաղթել, որ նրանք մշտապես հաղթանակներ տոնեն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացել է նաև Թոթովենցի փողոցին հարակից տարածքում կառուցված նոր բակը: Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:
Տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքն այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով ու ֆուտբոլի դաշտով կահավորված հանգստի հարմարավետ այս գոտին, բնակիչների հավաստմամբ, սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետին:
Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի գեղեցկացմանն ու հարմարավետությանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնած ծրագրերը լինելու են շարունակական:
<<Այսօր բակերի և այգիների բարեկարգման աշխատանքներ են ընթանում բոլոր վարչական շրջաններում: 2013թ. ծրագրով մենք շուրջ 400 բարեկարգ բակեր և 7 խոշոր այգիներ կհանձնենք երևանցիներին: Առաջիկա տարիներին նույնպես նոր այգիների կառուցումից բացի, մենք աշխատանքներ ենք տանելու տասնյակ տարիներ անխնամ մնացած այգիների բարեկարգման ուղղությամբ ևս: Մեր նպատակն է, որ այդ տարածքներում կառուցապատողներն այլևս ցանկություն անգամ չհայտնեն, կառուցապատման որևէ աշխատանք տանելու համար>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի 9-րդ զանգված, որտեղ քաղաքապետարանի կազմակերպած <<Ուրախ ամառ>> բակային միջոցառումների շրջանակում ամառային ճամբար էր անցկացվում:
Բակի բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին, անակնկալներով լի միջոցառումներով մանուկների օրն առավել ուրախ ու ջերմ մթնոլորտում անցկացնելու և փոքրիկների հանգիստն իրենց իսկ բակերում կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին