Լուրեր

Իրականացվում են մայրաքաղաքի բուֆերային անտառաշերտի վերականգնման աշխատանքներ

30.07.2013

 Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված աշխատանքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ. ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև <<Փարոս>> անտառպուրակի, <<Հաղթանակ>> զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ. ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ զանգված արդեն լիովին ոռոգելի է դարձել:
Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Կանաչապատման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում անցած կիսամյակում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր:
Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ 2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այս ուղղությամբ լրացուցիչ աշխատանքները դեռևս շարունակվում են:
Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը: Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են: Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ, ևս 30-ի տեղադրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

← Վերադառնալ ցուցակին