Լուրեր

Օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա

29.07.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, <<Երևանյան ամառ>> միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի նաև անվճար բուժօգնության ակցիա: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոն կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ:
<<Այցելելով բուժհաստատություններ՝ մենք տեղում մեկ անգամ ևս ծանոթանում ենք առկա հնարավորություններին ու պայմաններին և, ըստ այդմ էլ, բաշխում ենք անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում մատուցվող ծառայությունները>> ,- նշել է Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում կընտրվեն այնպիսի ծառայություններ, որոնք առավել պահանջված են բնակչության կողմից:
<<Վարչական շրջաններում սահմանված բնակիչների ընդունելության օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցերի ժամանակ ևս բնակչության կողմից բարձրացվող հարցերի մեծ մասը վերաբերել են առողջապահական խնդիրներին: Մենք ուսումնասիրել ենք նաև Երևանի քաղաքապետարան և վարչական շրջաններ ուղղված բնակիչների դիմումներն ու նամակները, և դրանց համապատասխան կընտրվեն բժշկական այնպիսի ծառայություններ որոնց կարիքն այսօր մեր բնակիչներն առավել շատ ունեն>>,- նշել է Դավիթ Օհանյանը:
Օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մեկնարկող անվճար ակցիայի շրջանակում բնակիչներին բուժօգնություն կմատուցվի սրտանոթային հիվանդությունների, գինեկոլոգիական ծառայությունների և մի շարք այլ հիվանդությունների մասով: Ակցիայի շրջանակում կիրականացվեն ինչպես հետազոտություններ, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, վիրահատություններ:

← Վերադառնալ ցուցակին