Լուրեր

<<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներ

29.07.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի ակտիվացման նպատակով աշխատանքներ են տարվում մարզադպրոցների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ձևավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցի պայմաններին ծանոթանալու նպատակով մարզադպրոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով մարզադպրոցի պայմաններին` վերջինս նշել է, որ առաջնահերթ քայլեր են ձեռնարկվելու մարզադպրոցի սահադաշտը սառցույցի շերտով ապահովելու ուղղությամբ: Ըստ այդմ նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակից գեներատորներ, որոնք և՛ էներգախնայող են, և՛ առավել արդյունավետ: Կանցկացվի նաև սառեցման համակարգի նոր խողովակաշար:
<<Վերջին 20 տարիներին պարբերաբար փորձ արվել է պահպանել և թարմացնել գեղասահքի այս դպրոցը, սակայն առանց սառույցի որևէ քայլ չի կարող արդյունավետ լինել, ուստի այսօր քայլեր են ձեռնարկվում նախ սառույցը վերականգնելու ուղղությամբ: Միայն ձմեռային պայմանները բավարար չեն գեղասահքի վիճակը բարելավելու համար, մարզիկներին ամենօրյա պարապմունքներ են հարկավոր: Ի թիվս երևանցիների կողմից սպասված այլ նախաձեռնությունների, մարզադպրոցի վերականգնումը ևս Երևանի քաղաքապետարանի նվերը կլինի գեղասահքով բոլոր հետաքրքրվողներին>>,- նշել է Արամ Սուքիասյանը:
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ մայրաքաղաքի ամառային մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից 31-ն անցկացվելիք <<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակում: Միջոցառումներ են նախատեսված Կարապի լճին հարակից տարածքում, Ջրաշխարհում, Կենդանաբանական այգում, ինչպես նաև վարչական շրջանների հրապարակներում և բակային տարածքներում: Հատուկ, երկարացված ժամանակացույցով կաշխատեն նաև երևանյան թանգարանները:
<<Սովորաբար կարծիք կա, որ ամռանը Երևան քաղաքում պասիվ շրջան է, որովհետև շատերը մեկնում են հանգստի, սակայն պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, այդ թվում՝ սփյուռքահայեր են արտերկրից ժամանում: Ցավոք, այդ շրջանում ոչ բոլոր մշակութային օջախներն են գործում: Հենց այդ բացը լրացնելուն են միտված մեր ծրագրերը: Այս միջոցառումներին կմասնակցեն նաև մի շարք մասնավոր ընկերություններ, որոնք, իրավամբ, հետաքրքրված են Երևան քաղաքի մարզամշակութային կյանքով>>, - ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

← Վերադառնալ ցուցակին