Լուրեր

Վարչապետն այցելել է «Արի տուն» ճամբար

19.07.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Աղավնաձորի «Արի տուն» ճամբար` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի երրորդ փուլի հանդիսավոր փակման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները, դասավանդող ուսուցիչները:
«Մեր նպատակն է, որ դուք ողջ կյանքում կապված լինեք հայրենիքի հետ: Լիահույս ենք, որ ձեզանից շատերը կվերադառնան Հայաստան և կհաստատվեն հայրենիքում: Այս ճանապարհին դուք արել եք առաջին քայլը. եկել եք ձեր տուն, հնարավորություն ունեք շփվել հայերենով և կատարելագործել մայրենի լեզվի գիտելիքները, ինչը ՀՀ կառավարությունն առաջնային խնդիր է համարում: Պատահական չէ, որ հանրապետության նախագահի առաջին քաղաքական նախաձեռնությունը ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն էր, որը պետք է զբաղվի Սփյուռքի հայապահպանության և հայության համախմբման խնդիրներով: Այս ճամբարն այդ միասնականության վկայություններից է», - ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ սփյուռքահայերին մայրենիի դասավանդման գործում ջանքեր ներդնելու համար:
Այնուհետև սփյուռքից ժամանած երիտասարդները և ամառային դպրոցի մասնակիցները հանդես են եկել հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին